Իմ մասնագիտությունը՝ արևելագիտությունն ամեն բան է ինձ համար՝ կենսաձև ու աշխարհայացք, աշխատանք ու ժամանց, զենք ու հոգու խաղաղություն։ Իմ կյանքի լավագույն դրվագների ու զգացողությունների համար ես մեծամասամբ պարտական եմ արևելագիտությանը։ Դժվար պահերին ևս, ինչպես անցնող ամիսներն են, Արևելքի գերող աշխարհ մտնելով՝ հնարավոր է գոնե մի քիչ մխիթարվել և ուժերը վերալիցքավորել։ Վերախմբագրելով միջնադարյան հայ մեծանուն փիլիսոփա Դավիթ Անհաղթի առաջին խոսքերը, կարող եմ այսպես ասել արևելագիտության մասին. «ովքեր գեթ մի անգամ արևելագիտական խոսք են տենչում եւ պատեհ առիթ են ունենում լոկ մատի ծայրով ճաշակելու նրա քաղցրությունը, նրանք, բոլոր երկրավոր հոգսերին «մնաք բարյավ» ասելով, ողջախոհ մի մոլությամբ անձնատուր են լինում նրան»։
Ավելին, բացի պարզ, բնազդային ու տրամաբանական ընկալումներից հենց մասնագիտությունս է օգնում հասկանալ և տեսնել այն խնդիրները, որոնք շատերի համար նախընտրելի է չնկատել մեր օրերում։ Ուստի ինչպես նախկինում, այսօր էլ իմ՝ նաև մասնագիտական պարտքն է ոչ միայն խոսել առկա խնդիրներից, այլև ուժերիս ներածին չափով նպաստել դրանց լուծմանը։ Հակառակ դեպքում հասարակական բարիքի տեսանկյունից անարժեք են դառնում թե՛ կուտակածս գիտելիքները, թե՛ նաև այսպիսի գրառումները։
Այս արևելագիտական գրառումն ավարտենք մեր ավագ ընկեր ու գործընկեր, իրանագետ Վարդան Ոսկանյանի՝ պարսիկ գրող Մալեք օշ-Շոարա Բահարից վերջերս կատարած այս գեղեցիկ թարգմանությամբ, որը շատ տեղին է մեր օրերի համար։
Ո՜վ, սի՛րտ, համբերել ջանա՛, զի ամեն ինչ կանցնի,
Եվ զնդանում այս մի՛ տանջվիր, զի սա էլ կանցնի։
Հանց տղամարդ մեխի՛ր ոտքդ հիմքին ժամանակի,
Զի իգացյալ և տմարդի այս ժամանակն էլ կանցնի։
ای دل به صبر کوش که هر چیز بگذرد
زبن حبس هم مرنج که این نیز بگذرد
مردانه پایدار بر احداث روزگارکاین روزگار
زن صفت حیز بگذرد
Վարուժան Գեղամյան, պ.գ.թ.
Երևան, 12.12.2021թ.