Հայաստանում Ազգային ժողովի 2026 թ. հունիսյան ընտրությունները, ինչպես արդեն հայտնի է, իրենց վրա են սևեռել ոչ միայն հայ հանրության, այլև միջազգային տարբեր դերակատարների ուշադրությունը և լայնորեն բնութագրվում են որպես «աշխարհաքաղաքական ընտրություններ» տարբեր բևեռների միջև։ Այդ համատեքստում որևէ զարմանալի բան չկա. Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական կարևորությունը, որը բխում է առաջին հերթին իր աշխարհագրական դիրքից ու ռելիեֆից, մշտապես այն դարձնում է մրցակցության օբյեկտի ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ տերությունների միջև։ Կասկածից վեր է, որ հայաստանյան ընտրությունները էական են լինելու տարածաշրջանի հետագա ուժային հավասարակշռության ու անվտանգության ճարտարապետության համար և ազդելու են եվրասիական բոլոր գործընթացների վրա։ Ուստի այս տարածաշրջանում իրենց շահերն ունեցող գրեթե բոլոր ուժերը առաջիկա շաբաթներին անթաքույց հետաքրքրվելու են հայկական թեմատիկայով։

Այս ամենից, բնականաբար, բացառություն չէ նաև հարևան Թուրքիան, որտեղ մեծ ուշադրությամբ հետևում են հունիսյան խորհրդարանական ընտրություններին։ Այդ ուշադրության ամենավառ վկայություններից մեկին հնարավոր էր ականատես լինել 2026 թ. հունվարին, երբ Թուրքիայի արտգործնախարար Հ. Ֆիդանը թուրքական հեռուստաընկերություններից մեկի եթերում հայտարարեց. «2026–ի հունիսին Հայաստանում ընտրություններ են լինելու, որոնք այս գործընթացի (հայ-թուրքական և հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը – հեղ.) մի կարեւոր հատվածն են լինելու։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայում առաջատար է հասարակական կարծիքի հարցումներում։ Մենք անկեղծորեն աջակցում ենք այն կառուցողական դերակատարմանը, որը նա ցուցաբերում է այս հարցում։ Այս մոտեցումը, այս կամքը պետք է շարունակվի»[1]։ Թեև Ֆիդանի հայտարարությունը իսկապես անդրադառնում էր հայաստանյան ընտրություններին և փաստացի անուղղակի աջակցության էր արժանացնում վարչապետ Փաշինյանին՝ հղում անելով սոցիոլոգիական հարցումներին և արձանագրելով, որ վերջինս «առաջատար է», սակայն դրանում առկա ձևակերպումները կարելի է բնորոշել որպես զգուշավոր, ուստի տարընթերցման տեղիք տվող։ Հաշվի առնելով հարցի կարևորությունն ու զգայունությունը՝ Ֆիդանի հայտարարությունը դարձավ Թուրքիայի կողմից Հայաստանի ինքնիշխանության դեմ միջամտությունների վերաբերյալ թեժ քննարկումների պատճառ, որի առանցքում հետևյալ հարցն էր. կարելի՞ է արդյոք թուրք դիվանագետի հայտարարությունը համարել արտաքին միջամտություն Թուրքիայի կողմից ներհայաստանյան գործընթացներին[2]։ Եթե մի կողմ դնենք վերոնշյալ քննարկման առարկան և միջամտելու կանխատրամադրվածության հարցը, անքննելի փաստ է այն, որ Թուրքիայում ամենաբարձր ղեկավարության մակարդակում ուշադիր հետևում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ քաջատեղյակ լինելով նաև սոցհարցումների արդյունքներին (թե՛ որ սոցհարցումներն են հիմք ծառայել թուրք դիվանագետի պնդումների համար, հայտնի չէ)։
Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը, սակայն, միակ օրինակը չէ, որը ցուցադրում է հետաքրքրվածություն Հայաստանում ընտրական և, ընդհանուր առմամբ, քաղաքական գործընթացներով։ Այդ մասին վկայող բազմաթիվ այլ օրինակների պարբերաբար (որոնք միշտ չէ, որ հայտնի են դառնում հայ հանրությանը), կարելի է հանդիպել թուրքական մեդիաներում (կարելի է նաև ենթադրել, որ դրանց թիվը առաջիկա շաբաթներին էլ ավելի կմեծանա)։
Այս տեսանկյունից հետաքրքրական են վերջին օրերին թուրքական բավական հայտնի զլմ-ներում հրապարակված երեք սյունակագրային հոդվածները, որոնց հեղինակները երեք թուրք դիվանագետներ են և ովքեր ապրիլի վերջին մասնավոր այցով գտնվել են Հայաստանում։
«Հասկանալ նախընտրական մթնոլորտը»
Ապրիլի 26-ին Երևան են ժամանում երեք թուրք դիվանագետ՝ նախկին դեսպաններ Օմեր Օնհոնը, Հասան Գյողուշը և Հասան Սերվեթ Օքթեմը։ Վերջինիս կենսագրության մեջ, բացի տարբեր երկրներում Թուրքիայի դեսպան աշխատելու փաստից, նշված է նաև, որ նա վիրավորվել է 1984 թ. Թեհրանում Թուրքիայի դեսպանատան վրա «ԱՍԱԼԱ»-ի կողմից կազմակերպված վրիժառուական գործողության ընթացքում։ Երեք դիվանագետներն էլ այժմ ծավալում են փորձագիտական գործունեություն և հանդիսանում են «Անկարայի քաղաքականության կենտրոն» (Ankara Politikalar Merkezi – APM) վերլուծական կենտրոնի մասնագետներ։ Չնայած այցի «մասնավոր» բնույթին, սակայն հենց դիվանագետների խոսքով այն հնարավորություն էր ընձեռել «առաջին ձեռքերից հետևել ընտրություններից առաջ երկրում ստեղծված վիճակին» և «հանդիպել Հայաստանի կարևոր անձանց հետ ու հասկանալ նախընտրական մթնոլորտը»[3]։ Երևան ճանապարհորդության արդյունքում հրապարակած իրենց հոդվածներում թուրք դիվանագետները, բացի զբոսաշրջային բնույթ կրող դիտարկումներից և թուրքական՝ արդեն դասական դարձած հակահայկական քարոզչություն պարունակող գնահատականներից, անդրադառնում են նաև քաղաքական դրությանը։
Այս առումով նրանք առաջ են մղում երկու հիմնական թեզեր։ Առաջին թեզն այն է, որ ՀՀ ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը ճիշտ է։ Դեսպան Գյողուշը այսպես է նկարագրում Հայաստանում քաղաքական իրավիճակը և Թուրքիայի դիրքորոշումը. «Փաշինյանը ճիշտ ընտրություն կատարելով ու հրաժարվելով ցեղասպանության վերաբերյալ պնդումների մասին միջազգային հարթակում խոսելուց՝ շարժվում է դեպի Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման։ Մի երկրում, ուր 100 տարի շարունակ թուրքերի հանդեպ թշնամություն է գեներացվում, երեք տարի առաջ պատերազմը պարտված առաջնորդի համար սա շատ խիզախ քայլ է։ … Շատերը համոզված են, որ ընտրություններից մեկ ամիս առաջ Թուրքիայից Փաշինյանին աջակցությունը կարող է հակառակ էֆեկտն ունենալ»։ Գյողուշն անդրադառնում է նաև ՀՀ սահմանադրության փոփոխության պահանջին. «Այժմ հարաբերությունների կարգավորման ամենամեծ խոչընդոտը 1991 թ. հայկական սահմանադրությունն է (թուրք դիվանագետը հավանաբար նկատի ունի 1990 թ. Անկախության հռչակագիրը – հեղ.)։ … Նշելով, որ սահմանադրության այդ խնդրահարույց հոդվածները պետք է փոխել, Փաշինյանը ևս մեկ խիզախ քայլ է արել, սակայն մինչև ընտրություններ նման բան անելու հնարավորություն չկա»։
Նմանատիպ գնահատականով է հանդես գալիս նաև դեսպան Օքթեմը. «Հայաստանի քաղաքական դրությունը կարելի է հակիրճ նկարագրել հետևյալ կերպ։ Մենք բավականությամբ հետևում ենք վերջին տարիներին Հայաստանի՝ խաղաղության ու տարածաշրջանային համագործակցության ուղղությամբ առաջխաղացմանը։ Ռուսաստանից հեռացող ու դեպի Արևմուտք շրջվող Հայաստանը ճիշտ ուղղությամբ տեղին քայլեր է անում։ Միասին տեսնում ենք, որ վարչապետ Փաշինյանը երկիրը ցեխից հանելու վրա է։ … Խաղաղության պայմանագրի ստորագրման համար սպասվում է, որ Սահմանադրության նախաբանից կհանվի Անկախության հռչակագրի վրա հղումը։ Կա համոզվածություն, որ Փաշինյանը ընտրություններից հետո այս վերջին խոչընդոտն էլ կհեռացնի»։
Դեսպանական աջակցություն
Թուրք դիվանագետների երկրորդը թեզը վերաբերում է բուն ընտրություններին։ Դրանցում անթաքույց աջակցություն է հայտնվում Հայաստանում այս պահին իշխող ուժին։ Դեսպան Օքթեմը, պնդելով, որ ընտրությունների հավանական հաղթողը Փաշինյանն է, այսպես է բանաձևում ընտրությունների նշանակությունը. «Հայ ընտրողը հունիսի 7-ին գնալու է ընտրությունների և ազատ կամքով որոշելու է երկրի ապագան։ Եթե նա ուզում է խաղաղություն, բարեկեցություն և ժողովրդավարություն, ապա ճիշտ հասցեն Փաշինյանի կուսակցությունն է։ Նրանք, ովքեր ուզում են, որ Հայաստանը մնա Ռուսաստանի ետնաբակը, թո՛ղ ձայն տան Սամվել Կարապետյանին։ Թուրքիան պատրաստ սպասում է, որ բարեկամության ձեռք մեկնի իր հարևան Հայաստանին, որը խաղաղության պայմանագիր է ստորագրել Ադրբեջանի հետ, պատրաստ է բացել սահմանները, սկսել դիվանագիտական հարաբերություններ, մի խոսքով հարաբերությունները կարգավորել։ Փաշինյանի գլխավորությամբ… Հայաստանը կունենա հարևանների հետ լավ հարաբերություններ։ … Սրան համաձայնվելը Հայաստանի ընտրողի ձեռքում է։ Հուսանք՝ կլինի»։ Միևնույն ժամանակ հեղինակը պիտակավորում է այլ քաղաքական ուժերին՝ ՀՅԴ-ն բնութագրելով որպես «Հայաստանը աղետների տանող պատերազմող հայ ազգայնականներ», Հայ առաքելական եկեղեցուն՝ «խաղաղության քաղաքականությանը ընդդիմացողներ», իսկ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժին՝ փաստացի կապելով Ռուսաստանի հետ։

Հայկական քաղաքական ուժերին «ծայրահեղ ազգայնականներ» է որակում նաև դեսպան Օնհոնը՝ իշխող ուժի դեմ պայքարողների համար կիրառելով «Ռուսաստան-եկեղեցի-դաշնակներ» բանաձևումը։ Բացի այդ, վերջինս ընդդիմադիր ուժերի խոսույթը որակում է որպես «հարևան երկրների հետ հակամարտություն ծնող և Ռուսաստանի հետ մտերմություն ստեղծող ապագայի նախանշան», իսկ Փաշինյանին նկարագրում որպես «Հայաստանը Ռուսաստանի հեգեմոնիայի տակ մտցնելուն դեմ» և «Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը կողմ գործիչ»։ Ավելորդ չէ նշել, որ հոդվածագիր դեսպանը ընտրությունների համատեքստում հիշատակում է նաև TRIPP-ը՝ որպես Թուրքիայի համար մշտապես կարևորություն ունեցող «Զանգեզուրի միջանցքի» իրականացմանը նպաստող նախագիծ։
Հոդվածները փաստացի անուղղակի և ուղղակի աջակցության դրսևորումներ են՝ ուղղված Հայաստանում գործող քաղաքական ուժերից մեկին։ Հետաքրքրական է, որ նմանատիպ եզրակացության է եկել նաև Թուրքիայի հեղինակավոր ու որպես անկախ դիրքավորվող զլմ-ներից «Oksijen»-ը։ Այսպես, թերթում երեք դիվանագետների սյունակներին անդրադարձող խմբագրական հոդվածը վերնագրված է «Թոշակի անցած թուրք դեսպաններից լիակատար աջակցություն Փաշինյանին», իսկ հոդվածի նախաբանում նշվում է, որ դիվանագետները «ընտրություններից առաջ ստուգել են երկրի զարկերակը» և իրենց հոդվածներում «զորակցության ուղերձն են հղել Փաշինյանին»։
Հետաքրքրական է, արդյո՞ք նախընտրական շրջափուլում հրապարակված այս հոդվածները Հայաստանի իշխանություններից և նրանց սատարող շրջանակներից կարժանան նույն այն խիստ ու բուռն քննադատական արձագանքին, ինչին արժանանում են նմանատիպ բովանդակությամբ, բայց արդեն այլ երկրի (օր.՝ Ռուսաստանի) շահերից բխող տարաբնույթ հայտարարությունները։ Հատկապես, որ այս դեպքում գործ ունենք ոչ թե միայն լրագրողների, այլ նախկին պետական գործիչների հետ, որոնք այսօր էլ որոշակի ազդեցություն ունեն Թուրքիայի քաղաքական շրջանակներում։
Արտաքին միջամտություննե՞ր
Կարևոր է նաև նշել, որ նմանատիպ իրավիճակ առկա էր նաև 2021 թ. նախընտրական շրջանում։ Այսպես օրինակ, Թուրքիայի մերձիշխանական գլխավոր թերթերից «Yeni Şafak»-ը 2021 թ. փետրվարին հրապարակեց «Թուրքիայի և Ադրբեջանի համար Հայաստանում ո՞ր սցենարն է ավելի լավը» վերլուծական հոդվածը[4]։ Հոդվածագիրը նշում էր. «Ղարաբաղյան կլանի հետ համեմատած Փաշինյանը իդեալական [ընտրություն] է։ Հայ քաղաքական գործիչներից ամենամիամիտն է։… թե՛ Թուրքիայի, և թե՛ Ադրբեջանի համար ավելի լավ է, որ և՛ Հայաստանում, և՛ Վրաստանում Ռուսաստանի փոխարեն արևմտյան կողմնորոշում ունեցող իշխանություններին սատարեն։ Այս տողերն, իհարկե, չեն արդարացնում Փաշինյանին։ Եթե վատերի մեջ ընտրություն կատարենք, ապա նա մնացածներից ավելի լավն է։ Պետք է ընդունենք, որ ավելի նախընտրելի է, որ նա գա իշխանության, քան մնացածները»[5]։ Թուրքական մերձիշխանական գլխավոր խոսափողը համարվող «Sabah» օրաթերթի անգլերեն տարբերակում (Daily Sabah) նույն տարվա մարտին հրապարկվեց «Արդյո՞ք Թուրքիան աջակցում է Փաշինյանին» վերնագրով հոդվածը[6]։ Հոդվածում նշվում էր. «Թուրքիան մտավախություն ունի, որ Փաշինյանի հաջորդը, աջակցություն ստանալով բանակից, կարող է որդեգրել ավելի կոշտ ու անզիջում արտաքին քաղաքականություն։ … Կարծես թե Անկարայի քաղաքական գործիչները հավատում են, որ Երևանում արևմտամետ քաղաքական ղեկավարությունը ավելի շատ կնպաստի տարածաշրջանային խաղաղությանը»[7]։ Քննարկվող ժամանակաշրջանում նմանատիպ թեզերի ու խոսույթների կարելի էր հանդիպել նաև հեռուստաքննարկումների, քաղաքական շոուների և այլ հրապարակային ձևաչափերում։
Վերոնշյալ հայտարարությունները կարելի է հեշտությամբ դասել արտաքին միջամտությունների շարքին[8], ինչը վկայում է ոչ միայն Թուրքիայի մեծացած ուշադրության, այլև ներհայաստանյան գործընթացներում ներգրավվածության մասին՝ առնվազն հռետորաբանության ու տեղեկատվական քաղաքականության մակարդակում։
Հ.Գ.
Հետաքրքրական է, որ ըստ թուրք դիվանագետների, «Զվարթնոց» օդանավակայանում ծագած վիզայի խնդիրը լուծվել է ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմի անմիջական ներգրավվածությամբ՝ չնայած կիրակի գիշեր լինելուն։ Սակայն այս հատուկ վերաբերմունքը չի խանգարել, որ դեսպան Օքթեմը, անդրադառնալով Արարատ լեռան առկայությանն ու կարևորությանը հայերի համար, հարց բարձրացնի. «Արդյո՞ք մենք էլ չարժե, որ արգելենք հայերին օգտագործել մեր ազգային հոգևոր ու նյութական արժեքները»։
[1] Dışişleri Bakanı Fidan: İran’a yönelik bir askeri müdahaleye karşıyız, AA, 15.01.2026, https://www.aa.com.tr/tr/gundem/disisleri-bakani-fidan-irana-yonelik-bir-askeri-mudahaleye-karsiyiz/3800119 (վերջին մուտքը 19.02.2026)։
[2] Տե՛ս օրինակ՝ Ֆիդանը Հայաստանի ընտրություններում աջակցության մասին չի խոսել. ի՞նչ է իրականում ասել Թուրքիայի արտգործնախարարը, FIP.am, 16.01.2026, https://fip.am/45627 (վերջին մուտքը 19.02.2026); Ֆիդանը բացահայտ ասում է՝ Փաշինյանի քաղաքականությունը ձեռնտու է Թուրքիային. թուրքագետ, Sputnik Armenia, 16.01.2026, https://arm.sputniknews.ru/20260116/fidany-bacahajt-asum-e-pashinjani-qaghaqakanutjuny-dzerntu-e-turqiajin-turqaget-97811001.html (վերջին մուտքը 19.02.2026)։
[3] Հետաքրքրական է, որ, ըստ դիվանագետների հրապարակումների, «կարևոր մարդկանց» շարքում էին Ժիրայր Լիպարիտյանը, Զոհրաբ Մնացականյանը, Սամսոն Օզարարատը և ուրիշներ։ Վերջինիս, ըստ հեղինակները, «բոլոր հարցերում օգտակար է եղել իրենց»։
[4] Acet M., Ermenistan’da Türkiye ve Azerbaycan için hangi senaryo en iyisi, 27.02.2021, https://www.yenisafak.com/yazarlar/mehmetacet/ermenistanda-turkiye-ve-azerbaycan-icin-hangi-senaryo-en-iyisi-2057759 (վերջին մուտքը 07.05.2026)։
[5] Նույն տեղում։
[6] Bostan Y., Does Turkey support Armenia’s Pashinian?, Daily Sabah, 06.03.2021, https://www.dailysabah.com/opinion/columns/does-turkey-support-armenias-pashinian (վերջին մուտքը 07.05.2026)։
[7] Նույն տեղում։
[8] «Միջամտություն»-ը (interference) ընդհանրական եզր է, որը կիրառվում է արտաքին դերակատարի կողմից թիրախավորված պետության ինքնիշխանության խախտումը նկարագրելու համար։ Թեև ինքնին դժվար է հստակ սահմանել «ինքնիշխանություն» երևույթը, սակայն ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպությունները հստակ արձանագրում են, որ «յուրաքանչյուր պետություն ունի անօտարելի իրավունք ընտրելու իր քաղաքական, սոցիալական կամ մշակութային համակարգը»: Հետևաբար՝ արտաքին դերակատարների կողմից այդ իրավունքի դեմ տարվող աշխատանքը կարող է որակվել որպես միջամտություն։ Արտասահմանյան (օտարերկրյա) քաղաքական միջամտությունները կարող են ունենալ տարբեր դրսևորումներ, որոնք, ի տարբերություն ռազմական միջոցների, նպատակ ունեն անուղղակի գործողությունների միջոցով տապալել գործող իշխանությունը կամ սատարել վերջինիս՝ ընդդիմության դեմ պայքարում։ Այլ կերպ ասած միջամտող պետությունը ազդում է իր թիրախում գտնվող պետության քաղաքականության վրա՝ աջակցելով տեղական խմբերին կամ անձանց (որոնք կարող են հանդես գալ որպես իր պրոքսիներ)։ Այդ աջակցությունը կարող է ունենալ տարբեր ձևաչափեր՝ ներառյալ քարոզչական արշավները, փորձագիտական գիտելիքի կամ ֆինանսների տրամադրումը և այլն։ Միջամտող պետությունը այդ գործիքների օգնությամբ փորձում է մանիպուլացնել և ուղղորդել տեղական քաղաքական դաշտը։ Տե՛ս՝ Ավելի մանրամասն տե՛ս Blackstock P., The strategy of subversion: manipulating the politics of other nations, Chicago: Quadrangle, 1964, p. 20–21.
