Մի քանի օր առաջ հերթական հանրային դասախոսությանն էի մեկնել՝ այս անգամ Արարատի մարզ։ 🇦🇲
Գերազանցապես դպրոցականներից բաղկացած լսարանին պետք է ներկայացնեի հարևան երկրների հետ Հայաստանի վարած քաղաքականության ընդհանուր ուրվագծերը (այն, ինչ կարող է հետաքրքրել ավագ դպրոցի աշակերտին)։
Ու հերթական անգամ համոզվեցի, որ 👨🎓դպրոցականները գրեթե զրոյական պատկերացում ունեն, թե ընդհանրապես ինչ են իրենցից ներկայացնում հարևան երկրները՝ Վրաստանից մինչև Իրան։ Օրինակ՝ լսարանից եւ ոչ մեկ նույնիսկ մոտավոր ճիշտ չկարողացավ ասել, թե որքան մարդ է բնակվում Իրանում կամ Թուրքիայում։ Էլ չեմ խոսում ավելի բարդ բաների մասին (ենթակառուցվածքներ, բնակչության կազմ, ֆինանսներ, դաշնակցային հարաբերություններ և այլն)։
Սա շատ խոսուն փաստ է. իմ դիտարկումները (հատկապես հայաստանյան երեք բուհում դասավանդելուս ընթացքում) ցույց են տալիս, որ վիճակը շատ չի փոխվում նաև ավելի բարձր տարիքում։ Մեր հասարակության անդամների մեծագույն մասը որևէ պատկերացում չունի հարևան տերությունների մասին՝ թե՛ հնարավորությունների և թե՛ սպառնալիքների տեսանկյունից։ Իսկ եղած տեղեկություններն էլ գերազանցապես միֆեր են կամ էլ կարծրատիպերից բխած տվյալներ։ Ըստ իս՝ կարիք չկա հատուկ նշելու, որ դա շատ վատ է։ Առավել ևս վատ է, որ էդպես չտեղեկացված հաճախ մարդիկ ստեղծում ու հաշվարկում են բիզնես նախագծեր, անում հաշվարկներ ու եզրակացություններ կամ նույնիսկ զբաղեցնում պատասխանատու պաշտոններ և այդ ամենի ժամանակ շարունակում են կողմոնորշվել դեռևս դպրոցական տարիքում եղած կարծրատիպերով։
Իհարկե ասածս չի նշանակում, որ բոլորը պետք է թուրքագետ կամ վրացագետ լինեն, բայց հատկապես դպրոցում աշակերտները պետք է անհրաժեշտ իրական տեղեկությունները ստանան առնվազն հարևան 4 երկրների, իսկ լավագույն դեպքում՝ այն տարածաշրջանի մասին, որը կոչվում է Մերձավոր Արևելք։ Դա շատ օգտակար կլինի ցանկացած գործունեության ընթացքում՝ տնտեսական, քաղաքական, թե մշակութային։
📊Հ.Գ. Ուղղակի որպես տեղեկություն նշեմ, որ Հայաստանի հարևան Թուրքիայում ապրում է 80 միլիոն մարդ, ևս 80 միլիոն՝ Իրանում, Վրաստանում՝ 3.7 միլիոն, իսկ Ադրբեջանում՝ շուրջ 9 միլիոն։