Թուրքական անատոմիա. իսլամացումը՝ թվերով

Վարուժան Գեղամյանի սյունակը Tert.am-ում։ Աղբյուրը՝ http://www.tert.am/am/author/142/2135357։

Վերջին օրերին հայկական լրատվամիջոցները խոսում են Հայաստանի զարգացման սինգապուրյան մոդելի մասին։ Երևի միայն ծույլը չի անդրադարձել այս թեմային։ Եւ մեզանից շատերը, անկախ քաղաքական նախընտրություններից և լավ կյանքի մասին պատկերացումներից, սկսել են խորհել այն մասին, թե. «ինչպե՞ս պետք է զարգանա Հայաստանը»։

Մինչ մենք գտնվում են այս հարցի պատասխանի փնտրտուքներում, մեր հարևան երկրներում նույնպես պարբերաբար առաջ են գալիս քննարկումներ և տարբերակներ, թե ինչպիսի զարգացում պետք է ունենա երկիրը։ Մասնավորապես, մեր արևմտյան հարևան Թուրքիայում այս հարցը պարբերաբար դառնում է օրակարգային։ Եթե հանրապետության հիմնադրումից հետո տևական ժամանակ Թուրքիան երևակայվում էր որպես Եվրոպայի վերջին երկիրը (որով վերջանում է Եվրոպան), ապա արդեն 1980-ականներին խոսում էին Թուրքիայի՝ որպես «Մերձավոր Արևելքի վագրի» մասին, որը պետք է դառնար այս տարածաշրջանի համար Ճապոնիայի նման մի երկիր։ Թուրքիայի նախագահ Էրդողանը սահմանեց Թուրքիայի զարգացման իր տեսլականը «Նոր Թուրքիա» կոնցեպտի մեջ։ Այն, ի տարբերություն նախորդ տեսլականների, «թուրքիակենտրոն» է և զարգացման հեռանկարում չի ձգտում նմանվել և համեմատվել որևէ մեկ երկրի հետ։

Նոր Թուրքիայի անատոմիան

Ինչպես արդեն նշել էինք, Թուրքիայում տեղի ունեցած հուլիսյան դեպքերը նախանշեցին նոր մեկնակետ թուրքական նորօրյա պատմության համար։ Պատահական չէ, որ մասնագետներից ոմանք հուլիսի 15-ը բնորոշեցին որպես թուրքական «Չորրորդ հանրապետության» ծննդյան ամսաթիվ։[1] Ինչպիսի՞ն կլինի նոր Թուրքիան, ի՞նչ է սպասվում հայ-թուրքական հարաբերություններին, ինչպիսի՞ արտաքին քաղաքականություն է վարելու Թուրքիան Մերձավոր Արևելքում, որոնք են թուրք-քրդական հակամարտության զարգացման հեռանկարները. այս հարցերը արդեն ընկել են բազմաթիվ սյունակագիրների, մասնագետների և վերլուծաբանների պատրաստած նյութերի առանցքում։ Այս հարցերը արդիական և կարևոր են նաև Հայաստանի համար, քանի որ Թուրքիայում և ընդհանրապես Մերձավոր Արևելքում տեղի ունեցող բոլոր նշանակալի իրադարձությունները իրենց ուղղակի կամ անուղղակի արձագանքն են ունենում հայկական երկու պետությունների և հայության վրա։

Ուստի այսօրվա սյունակով կսկսենք ակնարկների մի շարք, որտեղ կանդրադառնանք վերոնշյալ հարցերին և այդ ամենը կքննարկենք հայաստանյան դիտանկյունից։ Մենք դիտարկենք Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականությունը, սոցիալ-մշակութային տեղաշարժերը՝ ընդգծելով այն գործոնները, որոնք հաճախ ներկայացվում են որոշակի նախապաշարմունքներով կամ էլ պարզապես մոռացվում են։ Սա անհրաժեշտ է՝ հասկանալու համար, թե ի դեմս մեր արևմտյան հարևանի՝ ում հետ գործ ունենք, ինչ սպասել նրանից և ինչպես կառուցել հարաբերություններ նրա հետ։

Այսօրվա սյունակում կանդրադառնանք մի դրվագի, որը ցույց է տալիս իսլամի ու ժողովրդագրական գործընթացների ուղիղ կապը, և թե ինչպես է այդ կապը ազդում քաղաքականության վրա։

Իսլամացո՞ւմ

Տարիներ շարունակ թե՛ մամուլում, և թե՛ գիտական աղբյուրներում շատ է խոսվում թուրքական հասարակության «իսլամացման» մասին։ Ինչ-որ իմաստով արդեն դասական դարձած պատումը (narrative), որին մենք բոլորս ծանոթ ենք, հետևյալն է. 2002թ. Թուրքիայում իշխանության ղեկին հայտնված Էրդողանը և նրա Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ) չափավոր իսլամիստներ են, որոնք Թուրքիան տանում են դեպի աստիճանական իսլամացում։ Բազմաթիվ են համեմատությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ, ինչպես նաև կանխատեսումները, որ Թուրքիան ի վերջո կվերածվի թեոկրատիայի (աստվածապետության)։ Մի կողմ դնենք այս ծայրահեղ որակումները և փորձենք տեսնել, թե իրականում ԱԶԿ-ն կարողացե՞լ է Թուրքիան դարձնել ավելի իսլամական երկիր, թե ոչ։ Իրական պատկերը հասկանալու համար մեզ օգնության կգա վիճակագրությունը։

Համաձայն The World Values Survey-ի, վերջին 25 տարիների ընթացքում թուրքերի քանակը, ովքեր նշել են «կրոնական հավատը» որպես իրենց երեխաների համար ամենացանկալի հատկանիշ, 44 %-ից դարձել է 40 %: Համաձայն նույն հարցման՝ կրոնը որպես իրենց կյանքի «շատ կարևոր» գործոն է նշել հարցվածների միայն 68%-ը։ Այս վերջին ցուցանիշը ցույց է տալիս հարցվածների շրջանում կրոնասերների թվաքանակի նվազումը, քանի որ նույն հարցումը 1990-ականներին և 2000-ականների սկզբին կազմում էր 80 %: Միևնույն ժամանակ, իրենց «կրոնական մարդ» («religious person») համարողների թիվը կազմում է հարցվածների 80-85 %-ը։ Թեև այս ցուցանիշը շատ բարձր է և աճ է գրանցել ի համեմատություն 1990-ականների (նախկին 73 %-ի փոխարեն), սակայն այն 2011-ից միշտ մնացել է կայուն և չի գրանցել աճ։

Եւս մեկ հետաքրքրական ցուցանիշ. անցնող քառորդ դարում գրեթե չի փոխվել մզկիթ հաճախողների թիվը։ Հարցվածների միայն 1 %-ն է անդամակցում կրոնական որևէ կազմակերպության։ Այս ցուցանիշները դառնում են շատ խոսուն, եթե սրանց համադրում ենք ԱԶԿ իշխանության օրոք կառուցված մզկիթների հսկայական թիվը (նորաբաց մզկիթների թիվը հասնում է մի քանի հազարի և այս պահին կազմում է ավելի քան 85.000 մզկիթ), Կրոնական հարցերի վարչության գրեթե քառապատկված բյուջեն և մուսուլմանների համար նախատեսված որոշ հասարակական արգելքների վերացումը (օրինակ՝ գլխաշորավոր ուսանողուհիների ազատ մուտքը կրթական հաստատություններ)։

Այս ցուցանիշները վկայում են մի շատ կարևոր հանգամանքի մասին. Թուրքիան, չնայած քեմալական և դրան հաջորդած իշխանությունների տասնամյակներով վարած աշխարհիկացման քաղաքականությանը, իրականում մշտապես եղել և հանդիսանում է պահպանողական և ուժեղ կրոնական հասարակությամբ երկիր։ ԱԶԿ-ի իշխանության գալով ոչ մի առանձնահատուկ տեղաշարժ կրոնասերների թվաքանակի մեջ տեղի չի ունեցել։ Սակայն հուլիսյան հեղաշրջման փորձի ժամանակ մենք ականատեսը եղանք այնպիսի տեսարանների, երբ կրոնական հագուստով և երկար մորուքներով մարդիկ իրենց բառացիորեն նետում էին տանկերի տակ՝ պաշտպանելու իրենց կողմից ընտրված իսլամիստ նախագահին ընդդեմ զինվորականների։ Սա աննախադեպ էր հանրապետական Թուրքիայի պատմության ողջ ընթացքի համար։ Եւ հենց սրանով է պայմանավորված այն պատկերացումը, որ ԱԶԿ-ն կարողացել է իսլամացնել երկիրը։

Իրականում, սակայն, քաղաքական իսլամի նորօրյա զարգացման պարագայում մենք գործ ունենք մեկ այլ կարևոր գործոնի հետ, որը և նպաստել է իսլամի դերի ամրապնդմանը և քաղաքական նորահայտ «բեմելը»։

Այդ գործոնը ժողովրդագրությունն է։

«Գյուղից էկա ես քաղաք»

Անցնող երեք-չորս տասնամյակում (որպես հաշվարկի սկզբնակետ վերցնում ենք վերջին հեղաշրջումը՝ 1980թ.) Թուրքիայի ժողովրդագրական պատկերը երկու կարևոր փոփոխություն է կրել։

Առաջին. աճել է երկրի բնակչության թիվը։ 1980թ. համեմատ այն գրեթե կրկնապատկվել է՝ շուրջ 45 միլիոն մարդուց հասնելով մինչև 80 միլիոն։


Թուրքիայի բնակչության աճը։

Ընդ որում, բավական է մեկ անգամ դիտել ծնելիության աճի քարտեզը, և անմիջապես հասկանալ, որ մեծանում է երկրի կենտրոնական և արևելյան շրջաններում ու սոցիալական ավելի նվազ զարգացած պայմաններում ապրող բնակչությունը, որն ավանդապես ավելի մեծ կարևորություն է տալիս կրոնին։


                                     Թուրքիայում ծնելիության աճը՝ ըստ շրջանների։

Երկրորդ կարևոր հանգամանքը ուրբանիզացիայի շատ բարձր մակարդակն է։ Ավանդապես, Թուրքիայի արևմտյան և հարավ-արևմտյան ծովափի բնակչությունը համարվում է քեմալիստական աշխարհիկության գլխավոր դավանողն ու երաշխավորը։ Զարգացած և աշխարհիկ քաղաքները երկար ժամանակ ապահովում էին Թուրքիայի իշխող վերնախավի հենարանը և աշխարհիկ քաղաքականության իրականացումը։

Մինչդեռ գյուղական բնակավայրերում ապրող և կրոնին կարևորություն տվող հոծ բնակչությունը ոչ միայն չէր մասնակցում քաղաքական կյանքին (հանդես գալով քաղաքականության օբյեկտի դերում), այլև հաճախ անտեղյակ էր Ստամբուլում, Անկարայում կամ որևէ այլ քաղաքային բնակավայրում տեղի ունեցող իրադարձություններին։ Այսօր, սակայն, իրավիճակը փոխվել է. գյուղական բնակչությունը տեղափոխվել է քաղաքներ (մասնավորապես՝ արևմտյան և հարավ-արևմտյան հատվածի քաղաքային բնակավայրեր)։ 1980թ. համեմատ Թուրքիայի քաղաքային բնակչությունն աճել է 44 %-ից մինչև 73 % (շուրջ 55 միլիոն մարդ)։


Առաջին քարտեզը ցույց է տալիս շրջանային բնակչության խտությունը, որոնք ծնվել են այլ շրջաններում և տեղափոխվել այլ բնակավայրեր։ Ամենամուգ գույնով են ներկված Ստամբուլը, Անկարան, Իզմիրը և ծովափնյա զբոսաշրջային հատվածը։ Երկրորդ քարտեզը ցույց է տալիս այն շրջանները, որոնցից ամենաշատն են այդ շրջանում ծնվածները տեղափոխվել այլ բնակավայրեր։

Ամենից ակներև սա կարող ենք տեսնել Ստամբուլի օրինակով. եթե 1980թ. Ստամբուլի բնակչությունն ընդամենը 3 միլիոն էր, ապա այսօր այն կազմում է ավելի քանի 15 միլիոն։


Նկարում պատկերված է այն ժամանակը, երբ Ստամբուլի բնակչության թիվը դեռ չէր հասնում երկու միլիոնի (ենթադրաբար 1965 թվական): Ցուցատախտակին նշված է բնակչության թիվը՝ 1.790.000 մարդ:

Միգրացիան Թուրքիայի ներսում հանդիսանում է չափազանց կարևոր գործոն, որն ազդում է երկրի ներքին և արտաքին կյանքի բոլոր ոլորտների վրա։ Կենտրոնական և արևելյան Թուրքիայից արևմուտք տեղափոխված մարդկանց այս հսկա զանգվածը ունի սեփական քաղաքական նախընտրությունները, որոնք համընկնում են իշխող ԱԶԿ վարած քաղաքականության հետ։ Քաղաքային այս նոր բնակչությունը Անկարայում և Ստամբուլում սկսում է թելադրել սեփական օրակարգը, որում Էրդողանը և իր կուսակիցները դիտվում են «մերոնքական», իսկ քեմալական արևմտյան աշխարհիկ հատվածը որպես «օտարածին»։ Դե իսկ վերջիններիս սատարող զինվորականությունը այս զանգվածի համար այլևս ոչ այլ ինչ է, քան բռնությամբ իշխանությունը զավթողների արկածախնդիր մի խումբ։ Այստեղ անհրաժեշտ է նաև նշել, որ իսլամական աշխարհայացքը սկսում է յուրացնել նաև քաղաքականության այլ գործիքները, օրինակ՝ ժողովրդավարությունը։ Սրա ականատեսը մենք եղանք բոլորովին վերջերս, երբ հուլիսյան հեղաշրջման գիշերը իշխանությունների հրահանգով Ստամբուլի, Անկարայի և այլ մեծ ու փոքր բնակավայրերի հազարավոր մզկիթների մինարեթներից իմամները սկսեցին աղոթքը, որին անմիջապես հետևեցին կոչեր դեպի հավատացյալները՝ դուրս գալ փողոց և տեր կանգնել սեփական երկրին, ժողովրդավարությանը և Էրդողանին։

Քաղաքաբնակ մուսուլմաններն են, որոնք սկսել են վճռել քաղաքական գործընթացների ելքը։ Ահա, թե ինչպիսի տեսք ունի ընտրական տիպային քարտեզը թուրքական վերջին մի քանի տարիների բոլոր ընտրություններում։

Քարտեզում երևում է, թե որ կուսակցությունը որ շրջանում է հավաքել առավելագույն ձայները 2015թ. հունիսի խորհրդարանական ընտրություններում։

Եթե ժողովրդագրական այս գործոնին գումարենք նաև Էրդողանին սատարող անատոլիական գործարարների ուժը, ապա կհասկանանք, թե ինչն է փոխվել թուրքական քաղաքականությունում և ինչն է Էրդողանի ու իր կուսակցության հաջողության գլխավոր գրավականներից մեկը։

[1] Պատմագրության մեջ ընդունված է «Առաջին հանրապետություն», «Երկրորդ հանրապետություն», «Երրորդ հանրապետություն» անվանել Թուրքիայի պատմության՝ համապատասխանաբար1923-1960թթ., 1960-1980թթ. և 1980-2016թթ. հատվածում ընկած փուլերը: Այս բաժանումը պայմանավորված է 1960, 1980 թվերին իրականցված ռազմական հեղաշրջումներից հետո երկրում առաջացած քաղաքական և սոցիալ-մշակութային տեղաշարժերով։

Վարուժան Գեղամյան