Ինչպես կարելի էր նախապես ենթադրել, Թուրքիայի նախագահ Էրդողանը, չնայած սահմանադրությամբ դրված արգելքին, այնուամենայնիվ ամեն գնով օգնում է իր հարազատ կուսակցության նախընտրական քարոզարշավին։
Մարտի 7-ից սկսած Էրդողանը Թուրքիայի զանազան նահանգներում մասնակցել է 19 բացման արարողությունների։ Այդ արարողությունները լավ առիթ են հանդիպելու բազմաթիվ քաղաքացիների հետ, ինչպես նաև լինել եթերում։ Թեև հանդիպումների ժամանակ նա չի տալիս Արդարություն և զարգացում կուսակցության անունը, բայց բազմիցս նշում է, որ իր համար ընդունելի է միայն մեկ կուսակցություն, այլ կուսակցություններ որակում է «ահաբեկիչների կողմից սատարվող», հաճախ բեմ է բարձրանում ԱԶԿ-ից տեղական թեկնածուների հետ միասին։ Սա բացահայտ քարոզչություն է հօգուտ իշխող կուսակցության։ Սրա դեմ բողոքել են քրդական Ժողովուրդների ժողովրդավարության կուսակցության ներկայացուցիչները, բայց ապարդյուն։ Դատական գործ չի հարուցվում։
Հետաքրքիր է, որ եթե քարտեզի վրա համադրենք ԱԶԿ ղեկավար, վարչապետ Ա. Դավութողլուի և նախագահ Էրդողանի այցերը դեպի նահանգներ, ապա կարելի է տեսնել, որ դրանք գրեթե չեն համընկնում, ինչը կարելի է համարել պատահականություն։ Բայց, միևնույն ժամանակ, կարելի է ենթադրել, որ կա որոշակի «աշխատանքի բաժանում» երկու գործիչների միջև, ինչը օգնում է լուծել նախընտրական քարոզարշավով պայմանավորված խնդիրները։
Տեղին է նշել, որ այս տարվա նախընտրական քարոզարշավը ուղեկցվում է բավական լուրջ խախտումներով ու զգացվում է, որ իշխող կուսակցությունը լարել է բոլոր հնարավոր ջանքերն ու գործի գցել լծակները, բայց զգացվում է ռեսուրսների պակաս։ Տիպային է հետևյալ միջադեպը։ Օրերս Անկարայի մոտ 150 ուսանողի ավտոբուս են նստեցրել՝ իբր թե տանելու հայտնի թուրքական ռոք-խմբի՝ «Դումանի» համերգին, սակայն արդյունքում բերել են ԱԶԿ ցույցին։
Իմիջիայլոց, նախնական հաշվարկներով կուսակցությունների վարկանիշը հետևյալն է.