Սիրելի՛ ընթերցող, չնայած դժվարին ժամանակներին և մեր առջև կանգնած մարտահրավերներին, ես շարունակում եմ կարդալ գրքեր երկու նպատակով։ Առաջինը՝ գրքերը լուծման ուղիներ փնտրելու միակ իրական տեղն են։ Իսկ երկրորդը՝ հոգու բավարարվածության համար։ Քանի կարդում ես, այնքան մտածում ես, ուրեմն այնքան էլ մարդ ես։
2024 թ. ընթացքում կարդացած մասնագիտական և ոչ մասնագիտական գրքերի ցանկից առանձնացրել եմ 5 գիրք՝ ըստ 5 կամայական սկզբունքի, որպեսզի կիսվեմ ձեզ հետ։ Գուցե որևէ մեկին օգտակար լինի։ Բարի ընթերցանություն։
Ոչ գեղարվեստական
Սա հայ թուրքագետների տարբեր սերունդների համատեղ աշխատանքն է, որում առանց ավելորդ հույզերի, բայց ոչ անտարբերությամբ ներկայացված է հարևան պետության՝ Թուրքիայի հարյուրամյա պատմությունը։ Արտաքին քաղաքականությունից մինչև ներքին միջկուսակցական պայքար, հայկական խնդիրներից մինչև ռուս-թուրքական հարաբերություններ. բոլոր այս թեմաները ներկայացված են հնարավորինս համառոտ և գիտական ճշգրտությամբ։ Թեև գիրքը առաջին հերթին ծառայում է որպես բուհական դասագիրք, այնուամենայնիվ շարադրանքի ոճն ու լեզուն այն հասանելի են դարձնում ընթերցողների լայն շրջանակի համար։ Մեր օրերում գերկարևոր է հասկանալ այս պետությունը, ուստի այս աշխատանքը արդիական է ինչպես երբևէ։ Ես էլ պատիվ ունեմ լինելու գրքի համահեղինակներից մեկը։
Գիտահանրամատչելի
Այս գիրքում գիտնականներ Ավետիս Գրիգորյանը և Արսեն Բոբոխյանը շարադրել են 20-րդ դարասկզբի Հայաստանի պատմության ամենայուրահատուկ ու միաժամանակ քիչ լուսաբանված իրադարձություններից մեկը, որը շատ արդիական է։ Պատկերացրե՛ք. Հայաստանի առաջին Հանրապետություն, Գեղարքունիք ու աշխարհաքաղաքականություն, ռազմական օպերացիա հատուկ նշանաբանով, դավադրություն ու դավաճանություն, հերոսություն ու հնարամտություն։ Ավելին չեմ ասում, որ պահեմ ինտրիգը, քանի որ թեև գիրքը գիտական է, բայց միաժամանակ գրված է հանրամատչելի լեզվով, գիտական դետեկտիվի տարրերով, որը հանգիստ կարող է դառնալ գեղարվեստական ֆիլմ՝ հույզերով, հերոսներով, տեսարաններով ու հաղթական ավարտով։ Մի խոսքով՝ այնպես, ինչպես մենք սիրում ենք։
Գեղարվեստական
Կապիտան Միխալիս, Ն. Կազանձակիս, Անտարես, 2024 թ.
Գիրքը հույն աշխարհահռչակ գրող Նիկոս Կազանձակիսի ամենահայտնի վեպերից մեկի հայերեն թարգմանությունն է։ Վեպի սյուժետային առանցքում 1889 թվականի Կրետեի ապստամբության իրադարձություններն են, կղզու բնակչության երկարատև պայքարը թուրքական ճնշումների դեմ: Սակայն գիրքը ոչ միայն ազնիվ պայքարի մասին է (էլի արդիական է, չէ՞), այլև ընկերության, սիրո ու գեղեցկության։ Մի խոսքով՝ հոգեպարար ու թովիչ պատմություն այն մասին, ինչի համար արժե ապրել ու մեռնել՝ հայրենիքի ու սիրո։ Առանց այդ էլ հետաքրքիր այս վեպը ավելի հրապուրիչ է դառնում շնորհիվ Շամրիկ Խաչատրյանի անզուգական հայերեն թարգմանության։
Անգլերեն գիրք
Հեղինակներից մեկի՝ աշխարհահռչակ գիտնական, միջազգայնագետ Ջոն Միրշայմերի անունը արդեն իսկ բավական է, որ գիրքը գրավի մեր ուշադրությունը։ Այս աշխատանքում հեղինակները փորձում են բացատրել, թե ինչպես են պետությունները որոշումներ կայացնում արտաքին քաղաքականության հարցերում։ Գիրքը կօգնի խուսափել մեդիաքարոզչությունից, կարծրատիպերից ու կօգնի զարգացնել վերլուծական մտածողությունը։ Գրքի լեզուն նույնպես պարզ է և հասանելի։
Ռուսերեն
Человек, который хотел быть королем (Մարդը, որն ուզում էր դառնալ թագավոր), Р. Киплинг, 1899
Մեզանում հայտնի «Մաուգլի»-ի և «Եթե»-ի հեղինակ Ռեդյարդ Քիպլինգի այս վիպակը առաջին հայացքից առանձնապես աչքի չի ընկնում, սակայն մեր օրերի հետ խիստ համահունչ է։ Այն պատմում է բրիտանացի երկու զինվորների մասին, որոնք հայտնվում են Աֆղանստանում և դեպքերի բերումով ընկղմվում են տեղական քաղաքականության մեջ, դառնում թագավոր ու կառավարիչ, փոխում բնավորություն ու աշխարհընկալում: Կարճ ասած՝ թեթև ընթերցանություն՝ բարդ թեմաների մասին։