Հոլանդացի թուրքագետ Էրիկ Յան Զյուրխերը արդարացիորեն համարվում է ժամանակակից թուրքագիտության և օսմանագիտության ամենահայտնի մասնագետներից մեկը։ Նրա բազմաթիվ մենագրություններն ու հոդվածները նվիրված են գերազանցապես Օսմանյան կայսրության վերջին փուլի և Թուրքիայի Հանրապետության վաղ շրջանի քաղաքական և սոցիալական պատմությանը։
Զյուրխերը լայն լսարանին հայտնի է առաջին հերթին իր «Թուրքիա. ժամանակակից պատմություն» մենագրությամբ, որը ներկայացնում է ժամանակակից Թուրքիայի համապարփակ պատմությունը՝ 18-րդ դարի վերջից մինչև մեր օրերը։ Գիրքը ունեցել է 4 հրատարակություն (վերջինը՝ 2017թ.), թարգմանվել է 9 լեզուներով։ Դասականի համբավ ձեռք բերած այս աշխատանքը լայնորեն օգտագործվում է որպես բուհական դասագիրք աշխարհի տարբեր երկրներում։
Սույն աշխատանքում ներկայացնում ենք վերոնշյալ մենագրության «Մատենագիտական ակնարկ» անունը կրող հավելվածի հայերեն թարգմանությունը։
Ակնարկում Զյուրխերն ըստ թեմաների փորձել է ներկայացնել այն հիմնական աշխատանքները, որոնք վերաբերում են Թուրքիայի պատմությանը։ Բնականաբար, այն ամբողջական չէ, բացի այդ՝ չի ներառում վերջին շրջանում լույս տեսած աշխատանքների մեծ մասը։ Այս ամենով հանդերձ՝ հիշատկված շուրջ 200 անուն աշխատանքներով (գրքեր և հոդվածներ) այն կարող է ծառայել որպես մատենագիտական համապարփակ ցանկ առաջին հերթին սկսնակ թյուրքագետների, արևելագետների, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանակի համար։ Այս մատենագիտությունը կարող է ծառայել նաև որպես լրացուցիչ տեղեկատու Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի կողմից 2014թ. հրատարակված (և 2018-ին վերահրատակված) «Թուրքիայի Հանրապետության պատմություն» բուհական դասագրքի համար։
Գրքերի վերնագրերը ներկայացվում են թարգմանաբար։ Դրանք ակտիվ հղումներ են, որոնց սեղմելիս կարելի է գտնել գրքի վերաբերյալ անհրաժեշտ մատենագիտական տվյալները (թարգմանության մեջ դրանք բաց են թողնվել՝ տեքստը լրացուցիչ չծանրաբեռնելու համար)։
Մատենագիտական այս ակնարկի թարգմանության և ձևավորման վրա աշխատել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի գլխավորած աշխատանքային թիմը՝ արևելագիտության ֆակուլտետի մագիստրոսներ Էլյա Հարությունյանի և Հովհաննա Թորոսյանի մասնակցությամբ։ Թարգմանության խմբագրումն ու ծանոթագրությունները պատկանում են Վարուժան Գեղամյանին։
Մատենագիտական այս ակնարկը կօգնի թյուրքագիտության ամբիոնի ուսանողներին, ինչպես նաև լայն լսարանին հեշտությամբ կողմնորոշվել թյուրքագիտության դասական դարձած աշխատանքների հարցում և օգտագործել դրանք սեփական ուսումնասիրություններն ու աշխատանքները կատարելիս։
Աշխատանքին կարելի է ծանոթանալ և ներբեռնել այստեղ։