Վերջին ժամանակներում թուրքական զլմ-ների ուշադրության կենտրոնում հաճախ է հայտնվում օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի թոռնուհի հռչակված Նիլհան Օսմանողլուն։
Նա ոչ միայն հանդես է գալիս ակտիվ քաղաքական դիրքորոշումներով՝ ի օժանդակություն Էրդողանի և նրա վարած ներքին ու արտաքին քաղաքականության, այլև վերջերս հայտարարել էր, որ իրենց գերդաստանից մի հոգի առաջիկայում հանդես է գալու որպես քաղաքական գործիչ՝ «նախագահ Էրդողանին քաղաքականության մեջ միայնակ չթողնելու համար»։ Տիկին Օսմանողլուն մի հանդիպման ժամանակ պատմել էր իր և Էրդողանի զրույցից մի պատառիկ. «Ես ասացի նրան. «Դուք իմ պապուց ավելի բախտավոր եք, քանի որ ժողովուրդը Ձեր թիկունքին կանգնած է»։
Եւս մի հետաքրքիր դրվագ էլ տեղի ունեցավ մի քանի օր առաջ, երբ Նիլհանը հեռուսատետությամբ հանդես եկավ խորհրդարանական համակարգի խիստ քննադատությամբ՝ պնդելով, որ Թուրքիային միապետություն է պետք։ Վերջում տիկին Նիլհանը անդրադարձավ նաև իր ընտանիքի բռնագրավված ունեցվածքին. «Մենք պահանջում ենք Սուադա կղզին։ Դա մեր անձնական ունեցվածքն է։ Մենք պատրաստվում ենք դիմել դատարան՝ այն մեզ վերադարձնելու համար»։ Այս ամենը այնքան հետաքրքիր չէր լինի, եթե վերոնշյալ կղզին իրականում ունենար լրիվ այլ՝ հայկական պատմություն։
Բոսֆորի նեղուցի կենտրոնում գտնվող երկու կղզիներից մեկը (մյուսը՝ հայտնի Kız Kulesi-ն), որ հայտնի է «Սուադա» կամ «Գալաթասարայ ադա» անուններով, 19-րդ դարում սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը փոխանցել էր հայ ճարտարապետ Սարգիս Բալյանին։ Սարգիս Բալյանը օսմանյան պալատական ճարտարապետն էր՝ Բալյանների հայտնի գերդաստանից։ Կղզին տրվել էր Սարգիս Բալյանին ոչ թե որպես նվեր, ինչպես հաճախ է ներկայացվում, այլ պարտքի դիմաց, որ կուտակել էր օսմանյան սուլթանը Բալյանների կառուցած բազմաթիվ շինությունների (մզկիթներ, պալատներ, կամուրջներ և այլն) համար։ Մինչև Հայոց ցեղասպանությունը կղզին կոչվում էր «Սարգիս Բեյ ադասը»՝ պարոն Սարգիսի կղզի։ Կղզու վրա Բալյանները կառուցել էին փոքրիկ երկհարկանի ամառանոց, որը հետո կիրառվում էր որպես ածխի պահեստ։ 1874թ. Կոնստանդնուպոլիս իր չորրորդ այցելության ժամանակ մեկ ամիս շարունակ այս կզղում է հյուրընկալվել նկարիչ Հովհաննես Այվազովսկին։
Ավելի մանրամասն կղզու մասին կարդա՛ այստեղ։
Վարուժան Գեղամյան
03 փետրվարի, 2017թ.