Ակնարկը առաջին անգամ տպագրվել է «Շողակն Արարատյան» թերթում։
Պոլսահայերը՝ «թակարդում»
2015 թվականի ապրիլ քսաներեքին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հանդես եկավ մի հայտարարությամբ, որում «ցավակցություն էր հայտնում հայերի թոռներին 20-րդ դարի սկզբում ապրած ընդհանուր ցավի համար»: Մի կողմ թողնելով այն, որ այս հայտարարությունը միանշանակ տեղավորվում է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ժխտման՝ վերջին տարիներին նոր երանգավորում ստացած, բայց էապես չփոփոխված քաղաքականության շրջանակներում, նշենք, թե ինչպես արձագանքեց այս հայտարարությանը ժամանակակից թուրքական հանրապետության հայ փոքրամասնությունը: Հիմնականում Պոլսում (Ստամբուլ) բնակվող շուրջ վաթսուն հազարանոց հայ համայնքը, որի միակ պաշտոնական ու ընդունելի ներկայացուցիչը (հայկական դիվանագիտական ներկայացուցչության բացակայության պայմաններում) Պոլսի Հայոց պատրիարքությունն է, Էրդողանի հայտարարությունից հետո մամուլի հաղորդագրություն էր տարածել, որում իր դրական գնահատանքն էր հայտնել առ վարչապետի հայտարարությունը: Պոլսահայ որոշ անհատներ էլ շնորհակալական և երախտիքի խոսքերով դիմավորեցին Էրդողանի ուղերձը, ինչը դժգոհության առիթ տվեց շատերիս: Մեզ համար ոչ ընդունելի այդ կեցվածքը, սակայն, ունի որոշ օբյեկտիվ պատճառներ: Թուրքիայի հայկական համայնքը մշտապես ապրում է մեծ վախի մթնոլորտում (առաջին հերթին՝ անցյալում կատարվածի հնարավոր կրկնության ահից) և որոշ հարցերում նրանց կողմից ընդդիմության, թեկուզ, ամենաչնչին քայլը կարող է հղի լինել համայնքի համար մեծագույն վտանգներով:
Այս հանգամանքը լավ են հասկանում նաև թուրքական կողմում և շատ հաճախ հակահայ քարոզչության մեջ փորձում են օգտագործել յուրատեսակ «թակարդի» մեջ գտնվող պոլսահայությանը: Հիշենք թեկուզ Էրդողնի մի քանի տարի առաջ հնչեցրած այն սպառնալիքը, թե «Թուրքիայից կվտարվեն տասնյակ հազարավոր հայ անօրինական աշխատողները»: Շատ հաճախ, երբ Հայոց ցեղասպանության հարցի միջազգային ճանաչման առումով որևէ լուրջ առաջխաղացում է գրանցվում որևէ տեղ, Թուրքիայի հայ համայնքը միանգամից հայտնվում է թուրք ազգայնականների և թուրքական կառավարող շրջանակների թիրախում: Այդպիսի իրավիճակ ստեղծվեց, մասնավորապես, 1965 թվականից հետո, երբ աշխարհում սկսել էր ակտիվանալ Հայ Դատի լուծման համար պայքարը:
Վերոբերյալից կարելի է պատկերացնել, թե ինչ պայմաններում են ապրում հայկական համայնքի ներկայացուցիչները մի երկրում, որտեղ ժամանակին սխալ կլիներ նրանց կոչել «փոքրամասնություն»:
Եւ չնայած այս ամենին, պոլսահայության երևելի ներկայացուցիչները նույնիսկ ամենաբարդ պայմաններում հաճախ կարողանում են արժանավայել կեցվածք ընդունել: Ներկայացնենք նմանատիպ երկու պատմություն, որոնք վերագրվում են երկու մեծանուն հայ պատրիարքների:
Դիվանագիտական պատասխան
1965 թվականին՝ Հայոց ցեղասպանության 50-ամյա տարելիցին, երբ ողջ աշխարհում տարբեր կերպ հիշատակում էին Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը, թուրք լրագրողները մի միջոցառման ժամանակ ուղղակիորեն հարցնում են ժամանակի Պոլսի Հայոց պատրիարք Շնորհք Գալուստյանին. «Արդյո՞ք եղել է ցեղասպանություն»: Շնորհք պատրիարքը խուսափողական պատասխան է տվել՝ ասելով, թե ինքը պատմաբան չէ, և թո՛ղ պատմաբանները պատասխանեն այդ հարցին: Թուրք լրագրողները, սակայն, շարունակել են պնդել հարցը և պատրիարքը պատասխանել է. «1915-ին ես 7 տարեկան էի, մեր 70 հոգանոց գերդաստանից միայն ես ու մայրս ողջ մնացինք: Աքսորի ժամանակ մորս էլ կորցրի, քանի որ նա ստիպված ամուսնացավ մուսուլման մի թուրքի հետ: Հիմա դուք ինձ պատասխան տվեք, թե ո՞ւր են իմ ազգականները: Եթե դուք գտնեք այս հարցի պատասխանը, դրանով նաև պատասխանած կլինեք ցեղասպանությունը եղե՞լ է, թե՞ ոչ հարցին»:
Ծնունդով յոզղաթցի (Յոզղաթ – նախկինում հայաշատ գավառ Փոքր Ասիայի կենտրոնական հատվածում) Շնորհք պատրիարքը հսկայական դեր է խաղացել ցեղասպանությունից հետո արևմտահայության բեկորներին հավաքելու, հայկական համայնքի կառույցների ամրապնդման, ազգային-հոգևոր կյանքի աշխուժացման գործում, ուստի նրան առանձին կանդրադառնանք մեր առաջիկա գրառումներից մեկում:
«Օրմանյան պատրիարքն ու Սուլթան Համիդը» զրույցը
Երկրորդ զրույցը մեզ տանում է պատմության ավելի վաղ փուլ՝ Օսմանյան կայսրության տարիներ, և, թեփետ, կրում է լեգենդի բնույթ, միևնույն է արժանի է հիշատակման: «Ազգապատում» եռահատորյակի հեղինակ, հայ երևելի գիտնական ու հոգևորական, պոլսեցի Մաղաքիա Օրմանյանին է վերագրվում պատմական մի զրույց, որը նա ունեցել է օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդի հետ:
«Մի օր սուլթան Աբդուլ Համիդի խորհրդականներից մեկը ասում է սուլթանին.
-Սուլթա՛ն, գիտե՞ս, որ Հայոց պատրիարք Մաղաքիա Օրմանյանն առանց աղոթելու ճաշի չի նստում: Նա անպայման խաչակնքվում է ճաշելուց առաջ:
-Իրա՞վ եք ասում: Եթե այդպես է, ապա մի օր նրան ճաշի հրավիրե՛ք, տեսնենք կհամարձակվի՞ իմ առջև խաչակնքվել:
Եւ այդպես Աբդուլ Համիդը հրամայում է մեծ ճաշկերույթ կազմակերպել և հրավիրել Հայոց պատրիարքին: Մաղաքիա Օրմանյանն իր պատկառազդու տեսքով ներկայանում է սուլթանին: Տեսնում է պատրաստված ճոխ սեղանը: Բոլորը նստում են սեղանի շուրջ: Դեռ ուտելը չսկսկած Օրմանյան պատրիարքը աջ ձեռքը վեր է բարձրացնում՝ իբր ձեռքով ցույց տալով սեղանի վրա դրված տեսակ-տեսակ կերակուրները, բայց աննկատորեն խաչակնքելով, ասում է.
– Սկզբից սա պիտի ուտենք, հետո սա պետք է ուտենք, հետո էն մյուսը պետք է ուտենք, վերջում էլ՝ էս մեկը: Ուրեմն՝ Ամենը:
Ճաշկերույթն ավարտվում է: Պատրիարքը շնորհակալություն է հայտնում ընդունելության համար, հրաժեշտ է տալիս ու գնում: Սուլթան Համիդը ուրախ-ուրախ ասում է իր խորհրդականներին.
-Տեսա՞ք, որ Հայոց պատրիարքը ինձանից վախեցավ և չկարողացավ խաչակնքվել:
Խորհրդականները պատասխանում են.
-Սխալվում եք, Սուլթա՛ն: Հայոց պատրիարքը երբ ճաշից առաջ ձեռքով ցույց էր տալիս սեղանին դրված կերակուրները, իր ձեռքի շարժումներով արդեն իսկ խաչակնքեց սեղանը, բայց այնպես արեց, որ դու չնկատեցիր»:
Համառոտ գրականություն.
Մելքոնյան Ռ., «Ակնարկ Ստամբուլի հայ համայնքի պատմության»,
«Օսմանցիներ» հանրագիտարան
Վարուժան Գեղամյան
2015թ., Սանկտ Պետերբուրգ