Շահ Դենիզը չի կանգնի

Երկու նորություն գազի, ԱՄՆ պատժամիջոցների և մեր հարևանների մասին։

∙ Պարզվում է, որ բրիտանացիները հասցրել էին նախապես պայմանավորվել ԱՄՆ հետ, որպեսզի Իրանի դեմ պատժամիջոցներից բացառության կարգով անձեռնմխելի լինի «Հարավային գազային միջանցք» նախագիծը (Southern Gas Corridor)։ Հիշեցնեմ, որ այդ նախագիծը ադրբեջանական Շահ Դենիզ 2 հանքից գազը հասցնում է Թուրքիա, ապա Տրանս-Ադրիատիկ նախագծով՝ Եվրոպա։
Շահ Դենիզի հիմնական շահագործողը British Petrolium-ն (30%) է, սակայն շուրջ 10% մասնաբաժին ունի նաև իրանական NICO ընկերությունը։ Ըստ այդմ՝ եթե չլիներ բացառությունը (US executive waiver), ապա այս նախագծի աշխատանքը կանգ կառներ։ Բացառության կարգավիճակի տրամադրման համար որպես հիմնավորում ասված է հետևյալը. «նախագծի լիարժեք աշխատանքը Թուրքիային և Եվրոպայի երկրներին ապահովում է էներգետիկ անվտանգությամբ և ՌԴ֊ից անկախությամբ»։
Ստորև երևում է «Հարավային գազային միջանցք» նախագծի քարտեզը, որը ներկայացնում է նաև դեռևս չկառուցված Տրանս Ադրիատիկ հատվածը։ Հայաստանի սխալ քարտեզի համար ներողություն եմ խնդրում։
TAP_Southern_Gas_Corridor_EN_rgb_672x224
∙ «Մենք տարեկան 9.5 միլիարդ խորանարդ մետր բնական գազ ենք գնում Իրանից։ Եւ քանի որ մենք չենք կարող թույլ տալ, որ մեր քաղաքացիները ապրեն առանց հոսանք՝ մութ ու ցուրտ պայմաններում, մեր առևտուրը կշարունակվի համաձայն պայմանագրի դրույթների»։ Սա Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզի արձագանքն է այն հարցին, թե ինչ է անելու Թուրքիան ԱՄՆ կողմից Իրանի դեմ գործարկված նոր պատժամիջոցների արդյունքում։ Հիշեցնեմ, որ Թրամփը հայտարարել էր, որ բոլոր նրանք, ովքեր Իրանի հետ կզբաղվեն որևէ բիզնեսով, կզրկվեն ԱՄՆ հետ բիզնես վարելու հնարավորությունից։

Ստորև բերված քարտեզում երևում է Թավրիզ-Անկարա գազատարը, որը ապահովում է Թուրքիայի համար անչափ կարևոր իրանական գազի մատակարարումը։

photo_2018-08-09_10-20-33.jpg