«Սևրի սինդրոմ». ինչպես ճիշտ հետևություններ անել

  • Post category:columns

Սյունակը հրապարակվել է «Հայկական ալիք» պարբերականում։

Հայաստանում և հայկական աշխարհում չկա ավելի չարչրկված իրավական ակտ, քան 1920 թ. օգոստոսի 10-ին ստորագրված Սևրի պայմանագիրը։ Հայության մի զգալի հատվածի մոտ Սևրը ամեն լավի խորհրդանիշն է՝ հայկական երազանքի յուրատեսակ ամփոփումը։ Միաժամանակ Սևրի պայմանագրի շուրջ տասնամյակներով ստեղծված գերակա պատումներն ու խոսույթը ամրագրել են հայկական քաղաքագիտական մտքում հետևյալ խեղված կարծրատիպը․ եթե իրավաբանորեն ամրագրվի որևէ նոր վիճակ, ապա այն անխախտ կլինի և հարատև։ Այլ բառերով ասած՝ եթե որևէ քաղաքական (այս դեպքում՝ տարածքային) հարցի շուրջ լինի իրավական ինչ-որ բարձր ատյանի որոշում, ապա դա բավական է, որ այդ որոշումը դառնա իրականություն։ Սա պարադոքսալ է, քանի որ ինքնին Սևրի պայմանագրի պատմությունը հակառակն է ապացուցում․ իրավական որոշումները չեն փոխում իրադրությունը գետնի վրա, դրանք կարող են արտահայտել միայն այն իրականությունը, ուժերի այն հավասարակշռությունը, որն արդեն հաստատված է իրական կյանքում։ Եվ ոչ երբեք հակառակը։ Ավելին՝ փաստաթղթի ստորագման հաջորդ վայրկյանից սկսում է գործել բոլորովին այլ իրականություն։

Արցախի շրջափակման մեկնարկից հետո Հայաստանից բազմաթիվ դիմումներ են ուղարկվում միջազգային կազմակերպություններ, դատարաններ, տարբեր փորձագետների ու մասնագետների։ Իսկ այդ դիմումներին դրական արձագանքի պարագայում տիրում է անտեղի ոգևորություն և ուրախություն։ Այդ արձագանքները նույնն են, ինչ Սևրի պայմանագրով մինչ այսօր ստեղծվող ոգևորությունը։ Նույնատիպ են ոգևորությունները այս կամ այն երկրի խորհրդարանի կամ մի քաղաքական գործչի հայանպաստ որևէ հայտարարության դեպքում։ Այլ կերպ ասած՝ հայության մեջ առաջացել է «Սևրի սինդրոմ», որը խանգարում է պայքարել իրական կյանքում։ Իսկ իրական կյանքում փաստաթղթերն ինքնին ուժ չունեն, եթե դրանց հետևում չկա իրական ուժ։ Եվ այս մտածողության բացակայությունը շատ դեպքերում կողմնորոշիչ է պայքարի իրական ներուժ ունեցող հայության համար։

Հայկական «Սևրի սինդրոմը» պետք է արմատախիլ արվի։ Այն պետք է վերափոխվի և Սևրի օրինակով ներկայացվի աշխարհաքաղաքականության ու ընդհանրապես քաղաքականության հիմնական սկզբունքները, որոնցից կարելի է բոլոր ժամանակների համար անհրաժեշտ հետևություններ անել։ Այս առումով հետաքրքիր և ուսանելի է նայել Թուրքիային, որտեղ ևս կա «Սևրի սինդրոմ»։

Մեր տարածաշրջանի՝ Մերձավոր Արևելքի գլխավոր կայսրությունը՝ Օսմանյան պետությունը փաստացի փլուզվեց 1918 թվականին՝ Առաջին աշխարհամարտում պարտությունից հետո։ Դրան հետևած տարիներին հաղթանակած գերտերությունները փորձեցին պայմանավորվել բաժանելու նախկին կայսրության տարածքն իրենց ազդեցության գոտիների։ Առաջնորդվելով այդ բաժանման արդյունքում իրենց համար առավելագույնն ստանալու և աշխարհաքաղաքական մրցակիցներին նվազագույնը տալու պարզ սկզբունքով՝ պատերազմից երկու տարի անց՝ 1920 թ. օգոստոսին կնքվեց Սևրի պայմանագիրը։ Թուրքական ազգայնամոլական ուժերը, որոնք, չնայած պարտությանը, շարունակեցին պայքարը պետության պահպանման համար, կարողացան օգտվել աշխարհաքաղաքական իրադրությունից և փաստացի չեղարկել Սևրի պայմանագիրը՝ այն թողնելով միայն որպես իրավական ակտերի արխիվի հայտնի, բայց մնացյալ թղթերից գրեթե ոչնչով չտարբերվող փաստաթղթի կարգավիճակով։

Չնայած քաղաքական իմաստով թուրքական պետությանը հաջողվեց չեզոքացնել Սևրի պայմանագիրը, սակայն այդ պայմանագիրը շատ յուրատեսակ կերպով շարունակում է գործել Թուրքիայում։ Օսմանյան կայսրության և ապա Թուրքիայի դեմ արտաքին ուժերի հարձակումները, որոնց արդյունքներն իրավական լեզվով բանաձևում էր Սևրի պայմանագիրը, դարձել են թուրքական ռազմաքաղաքական էլիտայի ինստիտուցիոնալ հիշողության կարևորագույն մասը։ Նույն այդ էլիտան ամեն ջանք գործադրել է, որպեսզի հետպատերազմյան բարդ օրերի և Սևրի սպառնալիքի մասին քաջատեղյակ լինի նաև թուրքական հասարակությունը։ Տասնամյակներ շարունակ պետությունն ու էլիտան առկա մեծ գործիքակազմով համակարգված և հետևողական կերպով հիշեցնում են թուրքական հասարակությանը, որ Թուրքիայի անկախությունը, կայունությունը և բարգավաճումը ոչ թե ի վերուստ տրված և անփոփոխ եղելություն է, այլ սպառնալիքների դեմ միասնական հաջող ու մշտական պայքարի արդյունք։ Որպես այդպիսին՝ Սևրը վերածվել է այդ սպառնալիքների խորհրդանիշի, որը կարող է մշտապես կրկնվել, եթե էլիտան և ժողովուրդը դադարեն ամենօրյա պայքարը հանուն թուրքական պետության։ Այս ընկալումն ընդունված է անվանել «Սևրի սինդրոմ» (Sevres Syndrome), որը կարելի է մեկնաբանել հետևյալ կերպ՝ պատում առ այն, որ արտաքին ուժերի մշտական փորձը թուլացնել և կազմաքանդել Թուրքիան։ Պետության համար մշտական պայքարի այս պարզ իրողությունը բացատրվում է միջազգային հարաբերությունների ռեալիզմի տեսությամբ և ապացուցվում է մեր աչքի առաջ ամեն օր ընթացող աշխարհաքաղաքական իրադարձություններով։

Հասարակական-քաղաքական այս ֆենոմենը բացառիկ դերակատարություն ունի թուրքական հասարակության լայն խմբերի համախմբման և մոբիլիզացիայի համար։ Ուստի պատահական չէ, որ տարբեր ժամանակաշրջաններում թուրքական ամենատարբեր քաղաքական ուժեր և գործիչներ իրենց հռետորաբանության հիմքում դնում են Սևրի մասին հիշատակումները՝ այդպիսով ապահովելով հանրային առավել լայն համախմբում։

Թուրքական «Սևրի սինդրոմը» իրական աշխարհաքաղաքականության և պայքարի մասին է, հայկականը՝ կորցրած հնարավորության ու պայքարելուց խուսափելու։ Մեր հաջողության համար անհրաժեշտ է, որ մենք վերաիմաստավորենք Սևրը մեզ համար։ Սևրի պայմանագրից կնքումից 103 տարի անց, կարծեք թե, ամենալավ ժամանակն է դա անելու։

պատմական գիտությունների թեկնածու

ԵՊՀ դոցենտ, թյուրքագետ Վարուժան Գեղամյան