You are currently viewing Հայաստանի արտաքին քաղաքականության կողմնորոշումը. Quo vadis?

Հայաստանի արտաքին քաղաքականության կողմնորոշումը. Quo vadis?

  • Post category:columns

թյուրքագետ Վարուժան Գեղամյան
պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ
varuzhan.geghamyan@gmail.com
t.me/varuzhandragoman

22 հոկտեմբեր, 2023 թ.

«Արևմուտք, թե՞ Ռուսաստան». այս չէ խնդիրը

2020 թվականի նոյեմբերից հետո Հայաստանում և ավելին լայն՝ Հայկական աշխարհում քննարկվող առավել կարևոր հարցերից մեկը դարձավ Հայաստանի արտաքին կողմնորոշման խնդիրը։ Անցնող երեք տարիներին «Արևմու՞տք, թե՞ Ռուսաստան» խիստ հստակ ընտրություն պարտադրող հարցադրումը վերածվեց քաղաքական դաշտը և հասարակությունը բևեռացնող հիմնական գործոնի։ Ընդ որում, Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը այս թեման դարձրեց հանրային-քաղաքական քննարկումների կենտրոնական առարկան՝ փաստացի ֆունկցիոնալ առումով ապահովելով նախորդ տարիներին առկա «նախկիններ-ներկաներ» թեմայի նոր վերածնունդը[1]։ Իշխող վերնախավի բազմաթիվ ներկայացուցիչներ, ինչպես նաև վերջիններիս սպասարկող մեդիա-ռեսուրսները վերջին ամիսներին ակտիվորեն զբաղված են «Արևմուտք-Ռուսաստան» երկընտրանքի՝ որպես Հայաստանի կարևորագույն հարց ներկայացնելու գործով՝ միաժամանակ ուղղակի կամ անուղղակի ցուցադրելով, որ իրենք նախընտրում են «Արևմուտքը»։ Այս հնարքի շնորհիվ քաղաքական դաշտի բոլոր ներկայացուցիչներին, ինչպես նաև հասարակության բոլոր անդամներին փաստացի պարտադրվում է նոր ընտրություն կատարել մի կողմից Արևմուտքի (որի տակ հաճախ հասկացվում է ԱՄՆ և Եվրամիությունը), իսկ մյուս կողմից Ռուսաստանի միջև։ Կարելի է վստահորեն պնդել, որ հենց այս երկընտրանքն է այսօր հայ քաղաքական մտքի առանցքը, որից էլ քաղաքական ու հասարակական գործիչները բխեցնում են Հայաստանի պետականության պահպանման և զարգացման հնարավորությունները։ Փորձենք հասկանալ, թե որքան հիմնավոր է նման երկընտրանքի գոյությունը և ապա շարադրենք մեր մոտեցումը այս խնդրին։

Բազմաբևեռության վերադարձը

Մեզ քաջածանոթ աշխարհակարգի հիմքերը ձևավորվել են 19-րդ դարում, երբ մի քանի գերտերություններ հանդես էին գալիս որպես ուժային կենտրոններ՝ բևեռներ, որոնք տնօրինում էին ոչ միայն հսկայական տարածքներ, այլև իրար միջև ազդեցության գոտիների էին բաժանել աշխարհի ողջ տարածքը։ Երկրորդ աշխարհամարտից հետո բազմաբևեռ աշխարհը վերածվեց երկբևեռի, որոնց առաջամարտիկներն էին ԱՄՆ և ԽՍՀՄ-ը։ Սառը պատերազմի տարիներին գրեթե բոլոր պետական միավորները ստիպված էին կատարել ընտրություն պայմանական կոչված «կապիտալիստական» և «սոցիալիստական» ճամբարների միջև։ Երբ 1980-ականների վերջին Խորհրդային միությունը աստիճանաբար թուլանում էր, և արդեն ակնհայտ էր դառնում, որ առնվազն համաշխարհային քաղաքականության մեջ այն դադարելու է լինել նախկին երկու բևեռներից մեկը, ստեղծվեց մարդկության պատմության նոր ժամանակների համար բացառիկ մի իրավիճակ։ Համաշխարհային քաղաքականության մեջ մնաց միայն մեկ բևեռ՝ ԱՄՆ-ն, որն էլ փաստացի աշխարհը վերածեց մեկ ազդեցության գոտու[2]։ Ուստի բոլոր երկրները, այդ թվում նաև ԽՍՀՄ հիմքի վրա ստեղծված նոր հանրապետությունները (ներառյալ՝ Հայաստանը), կողմնորոշվեցին դեպի միակ առկա ուժը՝ ԱՄՆ և իր դաշնակիցները։ Այս առիթով ամերիկացի գիտնական Ֆ. Ֆուկույաման գրեց իր հայտնի «Պատմության ավարտը՞» աշխատանքը, որտեղ վերջինս, նկարագրելով միաբևեռ աշխարհի ստեղծումը, կանխատեսում էր, որ այլևս չեն լինի տարբեր բևեռների միջև պատերազմներ ու մեծ հակամարտություններ, ուստի և կավարտվի մեզ քաջածանոթ մարդկային պատմությունը, որը պատերազմների ժամանակագրություն էր։

Սակայն ԽՍՀՄ փլուզմանը հետևած առաջին տասնամյակում շատ արագ պարզ դարձավ, որ նախ հակամարտություններն ու պատերազմները չեն ավարտվել (Բալկանյան պատերազմը, Ծոցի առաջին պատերազմը և այլն), ինչպես նաև ԱՄՆ հեգեմոնիան անփոփոխելի չէ։ Աստիճանաբար առաջացան նոր բևեռներ, որոնց կայացումը շարունակվում է մինչ օրս։ Չինաստանը և Ռուսաստանը այդ բևեռներից առավել ակնառուներն են։ 2022 թ. մեկնարկած Ուկրաինական պատերազմը ուժային բևեռների միջև սկսած հակամարտության ամենավառ դրսևորումն էր, թեև դրանից առաջ էլ՝ արդեն 2010-ականներին այդպիսի բազմաբևեռ միջնորդավորված բախումներ էին սկսվել Սիրիայում, Իրաքում, Դոնբասում և այլն։

Բազմաբևեռ աշխարհի ստեղծումով ձևավորվեց նոր աշխարհակարգ, որը ստիպում է բոլոր մանր և միջին դերակատարներին ընտրել, թե որ բևեռն է լինելու իր հիմնական գործընկերը։ Այս առումով՝ Հայաստանը բացառություն չէ։ Այն պայմաններում, երբ հստակ է բևեռների միջև լարվածության մեծացումը և ռազմական բախումը, Հայաստանը ստիպված է վերաձևակերպել իր արտաքին քաղաքական ծրագրերը՝ առաջնորդվելով ոչ թե նախկինում կիրառված «և՛, և՛» սկզբունքով, այլ ձևակերպելով նոր մոտեցում, որի առանցքում սեփական անվտանգային միջավայրի առաջանահերթություններն են։ Ուստի կարող ենք անել առաջին միջանկյալ եզրակացությունը. փոխվել է նախկինում առկա միաբևեռ աշխարհակարգը, ձևավորվել է նոր՝ բազմաբևեռ աշխարհ, որում կողմերը գտնվում են հակամարտության մեջ, ուստի և ներկա փուլում կա անհրաժեշտություն որոշ առանցքային հարցերում ունենալ հստակ աշխարհաքաղաքական կողմնորոշում։ Ընդ որում արձանագրենք, որ կողմնորոշումը բնավ չի սահմանափակվում «Արևմուտք-Ռուսաստան» երկընտրանքով։ Մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում և ավելի մեծ՝ Մերձավոր Արևելքում ստեղծված աշխարհակարգը ավելի բազմաշերտ է, ուստի և ընտրությունը այլ՝ մի քանի գործոնների միջև է։

Հարավկովկասյան մյուս «եռյակը»

Հարավկովկասյան երեք ճանաչված հանրապետություններից զատ կա ևս մի եռյակ, որը մեր տարածաշրջանի անբաժանելի մասն է կազմում՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։

Հարավային Կովկասը մարդկության պատմության հնագույն շրջաններից եղել է տարբեր քաղաքական միավորների միջև պայքարի հիմնական թատերաբեմերից և սուբյեկտներից։ Այստեղով է անցել տարբեր կայսրությունների միջև սահմանգիծը, ինչը պայմանավորված էր տարածաշրջանի աշխարհագրական դիրքով և ռելիեֆով։ Բարձր լեռնազանգվածներով ծածկված այս տարածքը ոչ միայն բնական սահման է՝ պատնեշ, այլև միաժամանակ գերիշխող դիրք ունի հարակից տարածաշրջանների վրա, ուստի Հարավային Կովկասը նվաճելու փորձերը պայմանավորված էին առաջին հերթին սահմանակից պետությունների՝ հարակից գոտիներում իրենց քաղաքական ու ռազմական ազդեցությունը տարածելու ցանկությամբ։ Այն հարմար հարթակ է դեպի Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի խորքը ներթափանցելու, ինչպես նաև ծավալվելու համար դեպի Սև ու Կասպից ծովերի ավազաններ։ Գտնվելով Ասիայի և Եվրոպայի հատման կենտրոնում, ինչպես նաև բնական բաժանարար գիծ հանդիսանալով հյուսիսային ու հարավային Եվրասիաների միջև՝ Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական հենակետ է և եվրասիական տարածաշրջանի առանցքային քաղաքական-տնտեսական հանգույցներից մեկը։ Կ. Հաուսհոֆերը Կովկասը ներառում է «աշխարհամասերի սահմաններին ռազմական գործողությունների գոտու» մեջ[3]։

Այս տարածաշրջանին տիրելու համար աշխարհաքաղաքական պայքարի վերջին մեծ փուլի մեկնարկը կարելի է համարել 16-րդ դարը, երբ Օսմանյան կայսրությունը և Պարսկաստանը փոփոխական հաջողություններով պայքար սկսեցին Հարավային Կովկասին տիրելու համար։ Երկկողմ այս հակամարտությունը վերածվեց եռակողմ և բարդ մրցակցության, երբ 18-րդ դարասկզբին Հարավային Կովկասը նվաճելու հետևողական քաղաքականություն սկսեց Ռուսական կայսրությունը։ Երկկողմ (ռուս-թուրքական և ռուս-պարսկական) շուրջ մեկ տասնյակ պատերազմների արդյունքում Ռուսական կայսրությունը 19-րդ դարի առաջին կեսին նվաճեց գրեթե ողջ տարածաշրջանը՝ այդպիսով հաստատվելով Հարավային Կովկասի բնական սահմանների ողջ երկայնքով և ստանալով Իրանի և Օսմանյան կայսրության, ինչպես նաև ամբողջ Եվրասիական գործընթացների վրա ազդելու հավելյալ գործիքներ։ Եթե չհաշվենք 1917-1920 թթ. եռամյա փուլը՝ ապա կարելի է ասել, որ Հարավային Կովկասի վրա իր վերահսկողությունը Ռուսաստանը շարունակեց պահել մինչև 1991 թ., երբ դադարեց գոյություն ունենալ Խորհրդային միությունը։ Եռակողմ այս մրցակցությունը ընթանում էր աշխարհաքաղաքական ամենատարբեր ձևաչափերով։ Դրանցում հնարավոր էին երկկողմ համագործակցության դրվագներ՝ ընդդեմ երրորդ կողմի, որոնք կարող էին զուգորդվել մեկ այլ հարցում նույն այդ երկու կողմերի միջև սուր հակամարտությամբ[4]։

21-րդ դարում Հարավային Կովկասի աշխարհագրությունը և նշանակությունը Եվրասիական մայրցամաքի համար չեն փոփոխվել։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ռուսաստանի Դաշնությունը, Թուրքիայի Հանրապետությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը շարունակում են իրենց նախորդած պետական միավորների քաղաքականությունը և առաջնորդվում են ռեալիզմով, աշխարհաքաղաքական դերակատարների միջև վերոնշյալ այս եռակողմ և բազմակողմ հարաբերությունների բնույթը պահպանվում է մինչ օրս։ Ուստի կարող ենք անել երկրորդ միջանկյալ եզրակացությունը. Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, որի համար աշխարհագրական անփոփոխելի գործոնով պայմանավորված մշտական պայքար են մղում հարակից երեք տերությունները՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը, որը զուգորդվում է բազմաբևեռ աշխարհի ձևավորման հետ։

Աշխարհաքաղաքականություն՝ տեղական գույներով

Հաշվի առնելով, որ հարավկովկասյան աշխարհաքաղաքականության մեջ ներգրավված պետությունները համաշխարհային աշխարհաքաղաքական բևեռներ են կամ դրանց առանցքային մաս են կազմում, անհրաժեշտ է նշել, թե ում հետաքրքրություններն ու շահերն են համակցվում մեր տարածաշրջանում վերոնշյալ եռյակին։

Իրանը Մերձավոր Արևելքում պայքարում է հավաքական Արևմուտքի և վերջինիս տեղական դաշնակիցների ազդեցության մեծացման դեմ։ Ուստի Հարավային Կովկասում ՆԱՏՕ անդամ Թուրքիայի առաջխաղացումը Իրանի համար ոչ միայն թուրքական վտանգ է, այլև ընկալվում է որպես արևմտյան բևեռից բխող սպառնալիք։

Թուրքիան ձգտում է մեծացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում, ինչը թույլ կտա շարունակել ծավալումը դեպի այս տարածաշրջանին հարակից ենթատարածաշրջաններ (Հյուսիսային Կովկաս, Հյուսիսային Իրան, Կենտրոնական Ասիա և այլն)։ Այս ճանապարհին հիմնական խոչընդոտը Հայաստանի Հանրապետությունն է, որի թուլացման և չեզոքման նպատակով Թուրքիան և վերջինիս կցորդ Ադրբեջանը հետևողական ջանքեր են գործադրում։ Փաստացի, ՆԱՏՕ անդամ հանդիսացող Թուրքիան ընդլայնում էր իր ազդեցությունը ի հաշիվ Ռուսասատանի առկա և Իրանի հնարավոր ազդեցության գոտիների։ Ուստի այս իմաստով Անկարայի վարած քաղաքականությունը ընդհանուր առմամբ համընկնում էր տարածաշրջանում ԱՄՆ և հավաքական Արևմուտքի հետապնդած նպատակներին։ Հենց այս տեսանկյունից են ԱՄՆ, ՆԱՏՕ և ԵՄ-ն դիտարկում Հարավային Կովկասում Թուրքիայի դիրքերի ամրապնդումն և ազդեցության տարածումը։

Տարածաշրջանում Թուրքիայի առաջխաղացումը ոչ միայն նշանակում է Ռուսաստանի և Իրանի դիրքերի թուլացում իրենց ավանդական ազդեցության գոտում, այլև նշանակում է նոր անվտանգային սպառնալիքների առաջացում վերջիններիս համար սեփական սահմաններից ներս։ Հիմնվելով այս փաստի վրա՝ մեր հաջորդ միջանկյալ եզրակացությունը հետևյալն է. Թուրքիայի առաջխաղացումը Հարավային Կովկասում բխում է Թուրքիայի դաշնակից ԱՄՆ և ՆԱՏՕ շահերից, և միաժամանակ հակասում է Իրանի և Ռուսաստանի կենսական շահերին։

Թուրքական սպառանալիքը

Թուրքիայի համար Հայաստանը որպես քաղաքական միավոր՝ աշխարհաքաղաքական սպառնալիք է՝ անկախ տվյալ պահին վերջինիս ունեցած կշռից և հնարավորություններից։ Հիմնական պատճառը աշխարհագրական է։ Թուրքիան ինչպես նախկինում, այսօր էլ հավակնում է այն տարածքին, որը զբաղեցնում է Հայաստանի Հանրապետությունը, քանի որ դրան տիրելը  թույլ է տալիս ցամաքային անխափան կապով միավորվել Թուրքիայի քաղաքական նախագիծ հանդիսացող Ադրբեջանի հետ՝ այդպիսով ապահովելով դեպի թյուրքախոսներով բնակեցված այլ տարածքներ Թուրքիայի անխոչընդոտ ներթափանցումը[5]։ Բացի այդ, տիրելով Հայաստանի բարձրադիր լեռնածանգվածին, Թուրքիան գերակա դիրք է ձեռք բերում Եվրասիայի կենտրոնական հաղորդակցությունների վրա՝ միաժամանակ ապահովելով Թուրքիայի արևելյան սահմանների անվտանգությունը։ Պատմական մեծ համապատկերում Թուրքիան (Օսմանյան կայսրությունը) մշտապես հետապնդել է այս նպատակը, որը և ընկած է հայ-թուրքական շարունակվող հակամարտության հիմքում։ Հիմնվելով աշխարհագրական գործոնի վրա՝ այն անփոփոխելի է և կախված չէ Հայաստանի ընդունած աշխարհաքաղաքական կողմնորոշումից։ Բավական է հիշել, որ իր պատմական հայրենիքում հայության զանգվածային կոտորածները, բռնի ասիմիլացման փորձերը սկսվել են տարածաշրջանում թյուրքական տարրի հայտնվելուց անմիջապես հետո և շարունակվել են անկախ այն հանգամանքից՝ գոյություն ունեցել է հայկական պետություն, թե ոչ և ինչ կողմնորոշում է ունեցել այն։ Ուրեմն կարող ենք ասել, որ Թուրքիայի ծավալապաշտական ու ցեղասպանական նկրտումները Հայաստանի հանդեպ պայմանավորված են աշխարհագրությամբ, որը լինելով անփոփոխ գործոն՝ հանգեցնում է հայ-թուրքական հակամարտության անփոփոխ բնույթին։ Հետևաբար, Թուրքիան շարունակելու է վտանգ ներկայացնել Հայաստանի համար՝ անկախ աշխարհաքաղաքական միջավայրից և հնարավորության պարագայում ձգտելու է թուլացնելու հայկական պետականությունը ընդհուպ մինչև դրա լիարժեք ոչնչացում։

Հայաստանի իրական երկընտրանքը

Վերոշարադրյալը թույլ է տալիս բանաձևել Հայաստանի շուրջ առկա աշխարահաքաղաքական պատկերը։ Հարավային Կովկասի հանդեպ աշխարհաքաղաքական նկրտումներ ունեցող երեք տերություններից մեկը՝ Թուրքիան բացահայտ ձգտում ունի վերացնել հայկական պետությունը, քանի որ այն հակադիր է Թուրքիայի աշխարհաքաղաքական ծավալման էությանը։ Միևնույն ժամանակ՝ Թուրքիայի առաջխաղացումը տարածաշրջանում աշխարհաքաղաքական լրջագույն մարտահրավերներ է ստեղծում եռյակի մյուս երկու անդամների՝ Իրանի և Ռուսաստանի համար, որոնք ևս ունեն հավակնություններ Հարավային Կովկասի նկատմամբ, սակայն դա չունի ցեղասպանական բնույթ և թույլ է տալիս գործակցել հայկական քաղաքական գործոնի հետ (այլ ոչ թե վերացնել այն)։ Այս պայքարում հավաքական Արևմուտքը Թուրքիայի հաջողության ուղիղ շահառուն է, քանի որ նման պարագայում դաշնակից Թուրքիայի ձեռքով պայքարը հիմնական աշխարհաքաղաքական հակառակորդների (Իրանի և Ռուսաստանի) նկատմամբ հաջողվում է պայքարի առանցքային կետերից մեկում։

Այսպիսով Հայաստանի առջև կանգնած իրական երկընտրանքը ոչ թե «Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան»-ն է, այլ «չեզոքացնե՞լ հայկական պետականության համար թուրքական սպառնալիքը, թե՞ ոչ»։

Հայաստանը չի կարող խուսափել տարածաշրջանում Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մրցակցությունից։ Այդ մրցակցության մեջ կա մեկ կողմ, որը բացահայտ թշնամական է ոչ միայն մնացյալ երկուսի, այլև հենց Հայաստանի նկատմամբ։ Հետևաբար Հայաստանի արտաքին քաղաքական ռազմավարության առաջնահերթությունը պետք է լինի թուրքական սպառանալիքի չեզոքացումը։ Քանի որ դա բարդ է անել միայնակ (ինչպես ցանկացած պետության համար), Հայաստանին անհրաժեշտ են տարածաշրջանում անմիջական ներգրավվում ունեցող և Թուրքիայից բխող վտանգների առջև կանգնած դերակատարներ։ Առաջին հերթին այդպիսիք են Իրանը և Ռուսաստանը։ Այս իմաստով Իրանը և Ռուսաստանը Հայաստանի բնական դաշնակիցներն են (natural alliance)։ Հետևաբար վերջիններիս հետ հարաբերությունների շարունակական բարելավումը՝ չնայած առկա բոլոր խնդիրներին, քաղաքական առաջնահերթություն է։ Հայաստանը պարտավոր է ձգտել ձևավորել Մոսկվա-Երևան-Թեհրան առանցք։

Սա ենթադրում է հետևյալ գործողությունները.

  • Իրանը և Ռուսաստանը Հայաստանի բնական շահակից պետություններն են, ինչը նշանակում է, որ դրանք Թուրքիայի առաջխաղացումը կանգնացնելու միակ իրական միջոցներն են։ Ուստի Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ այդ հարաբերությունները պետք է լինեն ռազմավարական բնույթի։
  • Նման իրավիճակում Հայաստանը պարտավոր է աշխատել նաև Ռուսաստանի և Իրանի ներքաղաքական դաշտում՝ չեզոքացնելու թուրքական ազդեցությունը։ Հնարավոր չէ հաջողության հասնել, եթե Հայաստանը ներգրավված չէ Մոսկվայում և Թեհրանում որոշումների կայացման գործընթացում։ Թուրքիան ու Ադրբեջանը հենց այս սկզբունքով են աշխատում Իրանի և Ռուսաստանի հետ և գրանցում շարունակական հաջողություններ։
  • Ռազմավարական դաշինքները կարիք են ունեն մշտական համալրման։ Առանց հետևողական աշխատանքի բացակայության այդ դաշինքները «մաշվում են» և դառնում ոչ արդյունավետ։ Հայաստան-Ռուսաստան վերջին 30-ամյա հարաբերությունները բնույթով հենց այդպիսին են։
  • Ռուսաստանը և Իրանը ընդունել են կրավորական դիրք Հայաստանի վրա թուրք-ադրբեջանական վերջին հարձակումների ժամանակ, սակայն դա դեռ չի նշանակում, որ այդ է թելադրում իրենց ռազմավարական բնական շահը։ Դա միայն նշանակում է, որ ներվերնախավային պայքարում հաղթել է այն թևը, որը ներկայացրել էր այս մարտավարությունը (ինչպես 1919-1921 թթ. թուրք-բոլշևիկյան հարաբերություններում)։ Նման իրավիճակում Հայաստանի անգործությունը չի կարող նպաստել իրավիճակի բարելավմանը։ Հայաստան-Ռուսաստան և Հայաստան-Իրան հարաբերությունները չեն կարող գործել ինքնահոսի սկզբունքով։ Դրանց կորուստն ու վատթարացումը նշանակում է Ռուսաստանում և Իրանում Հայաստանի ռազմավարական դիրքերի զիջում Թուրքիային և Ադրբեջանին։
  • Աշխարհագրությամբ պայմանավորված՝ Հայաստանը հնարավորություն չունի չգործակցել Ռուասաստանի և Իրանի հետ, հակառակ դեպքում Հայաստանը Հարավային Կովկասում կունենա իր հանդեպ թշնամական տրամադրված երեք տերություն։ Այդ իրավիճակում հայկական պետականությունը դատապարտված է չգոյության։ Այս պայմաններում չի կարելի ակնկալել, որ Հայաստանը կարող է ստանալ Արևմուտքի աջակցությունը։ Հարավային Կովկասում Արևմուտքը ունի միայն մեկ պաշտոնական ներկայացուցիչ՝ ՆԱՏՕ անդամ Թուրքիան։ Դա է այն առավելագույն ներկայությունը, որ պատրաստ է ապահովել Արևմուտքը մեր տարածաշրջանում (համոզվելու համար բավական է նայել Վրաստանի կամ Ուկրաինայի օրինակին)։
  • Իրանը և Ռուսաստանը մշտապես ձգտելու են վերահսկողության տակ վերցնել Հարավային Կովկասը, ուստի Հայաստանը պետք է նաև կարողանա զսպող մեխանիզմներ կիրառել այս քաղաքականությունների համար։ Սակայն հարաբերությունների խզումը և լարումը կարող է ստեղծել հավելյալ սպառնալիքներ։ Ընդհակառակը՝ հարաբերությունների սերտացումը կարող է չեզոքացնել կամ նվազեցնել նման սպառնալիքների մի մասը։

Այսպիսով, Հայաստանի առաջնահերթությունը պետք է լինի ոչ թե հանուն ռուսական, իրանական կամ այլ շահի, այլ հենց Հայաստանի շահի վերանվաճել իր ռազմավարական դիրքերը իր բնական շահակից պետություններում՝ Ռուսաստանում և Իրանում, որպեսզի կարողանա այդ դիրքերը օգտագործել Հարավային Կովկասում Թուրքիայի սպառնալիքի դեմ ռուս-իրանական իրական աջակցություն ստանալու համար։ Արտաքին քաղաքականության մնացած ճարտարապետությունը պետք է հիմնված լինի այս ելակետային սկզբունքների վրա։


[1] Նման փոփոխությունը արդյունք էր նաև նախորդի քարոզչական արդյունավետության նվազման և դրա շուրջ հանրային մոբլիզիացիայի թուլացման։

[2] Տե՛ս Mearsheimer J., The Great Delusion. Liberal Dreams and International Realities, Yale University Press, 2018, 328 p.

[3] Хаусхофер К., О геополитике. – М., 2001, c. 128

[4] Տեղին է բերել երկու օրինակ։ Առաջին. նվազեցնելու համար իրանական կրոնական և մշակութային ազդեցությունը Հարավային Կովկասի իսլամադավան թյուրքախոս բնակիչների վրա  Ռուսաստանը երբեմն չէր խոչընդոտում (իսկ որոշ դեպքերում՝ խրախուսում էր) նույն այդ բնակիչների շրջանում 19-րդ դարի վերջին թյուրքական ինքնության ձևավորման ու տարածման փորձերը, որոնք, իր հերթին, ստանում էին Օսմանյան կայսրության աջակցությունը։ Երկրորդ. Օսմանյան կայսրության կողմից պանթյուրքիստական հայեցակարգի մշակմանը և իրականցմանը նպաստում էին արևմտյան խոշոր տերությունները (օրինակ՝ Բրիտանական կայսրությունը), որոնց հետ Օսմանյան կայսրությունը այլ հարցերում փաստացի պատերազմական հարաբերությունների մեջ էր գտնվում։ Այս «տարօրինակ» թվացող համագործակցությունը պայմանավորված էր այն պարզ հանգամանքով, որ պանթյուրքիզմը նախատեսում էր նվաճել առաջին հերթին թյուրքախոսներով բնակեցված այն տարածքները, որոնք մտնում էին Ռուսական կայսրության կազմի մեջ։ Հաշվի առնելով Ռուսական և Բրիտանական կայսրությունների միջև պայքարը՝ բրիտանական կողմը աջակցում էր օսմանյան պետությանը, որովհետև այն ուղղված էր իր աշխարհաքաղաքական հակառակորդի դեմ։ Նմանատիպ օրինակները ոչ թե բացառություն են, այլ կազմում են տարածաշրջանային տերությունների արտաքին քաղաքականության բազմաշերտ էությունը, որն իր բնույթով ոչ գծային է։

[5] Օգտվելով Ռուսական կայսրության թուլացման պատճառով ստեղծված բարենպաստ միջավայրից՝ օսմանյան վերնախավը կարողացել է Հարավային Կովկասի արևելյան հատվածում, որտեղ մեծամասնություն էր կազմում թյուրքախոս շիայական բնակչությունը, ստեղծել և մոբիլիզացնել տեղական թյուրքական վերնախավ, որը և հիմք դարձավ 1918 թ. մայիսին Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ստեղծման՝ որպես թուրքական քաղաքական նախագիծ Հարավային Կովկասում։ Ըստ երիտթուրքական մտահղացման՝ Առաջին աշխարհամարտում պետք էր հասնել «պարսկական և ռուսական Ադրբեջանների գրավմանը»։