Արևելագետ Վարուժան Գեղամյանի հակիրճ դասախոսությունը Բուն TV-ի եթերում։
[youtube https://www.youtube.com/watch?v=mcjq4dJZNzM&w=560&h=315]
Թվային հումանիտար գիտությունները (Digital humanities) գիտական տիրույթ են, որտեղ միավորվում են հումանիտար գիտությունները և թվային տեխնոլոգիաները: Դրանք ենթադրում են ոչ թե հստակեցված գործողություններ, այլ, առաջին հերթին, փորձարկում: Այս ոլորտն ինքնին նոր է, բայց, միևնույն ժամանակ, իր բնույթով, մեթոդներով ու մոտեցումներով այն մշտական փորձ է ենթադրում:
Թվային հումանիտար գիտությունները ստեղծվել են այն ժամանակ, երբ հայտնվել են հաշվարկ կատարող առաջին համակարգիչները: 1930-1940-ական թվականներին մի խումբ ամերիկացի գիտնականներ փորձեց համակարգել Թովմա Աքվինացու ստեղծագործությունները և որոշակի օրինաչափություններ գտնել տեքստերի մեջ, ինչը և կարելի է համարել թվային հումանիտար գիտությունների առաջին փորձարկումը:
Այս ոլորտն ավելի լայն զարգացում ստացավ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ հաշվողական տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ: 1980-1990-ական թվականներին հատկապես ամերիկյան համալսարաններում ստեղծվեցին թվային հումանիտար գիտությունների առաջին կենտրոնները կամ լաբորատորիաները, որտեղ գիտափորձեր էին անցկացվում:
Թվային հումանիտար գիտություններն առաջին հերթին հնարավորություն են տալիս աշխատել մեծ տվյալների (Big data) հետ և տվյալների վիզուալիզացիա անել, ինչը շատ կարևոր է հումանիտար գիտություններով զբաղվողների համար:
Թվային հումանիտար գիտությունների միջոցով հնարավոր է դառնում արդիականացնել հնագիտությունը՝ արձանագրելով կարևորագույն պատմական իրադարձություններ ու փաստեր և հասանելի դարձնելով այս տվյալները հետազոտողների համար: