You are currently viewing Հայ-թուրքական արարողակարգային պատերազմները

Հայ-թուրքական արարողակարգային պատերազմները

  • Post category:columns

2008-2010 թթ. Հայաստանի նախաձեռնությամբ և միջնորդ երկրների մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հերթական փուլը, որը հայտնի է «ֆուտբոլային դիվանագիտություն» անունով։

Այդ գործընթացի բազմաթիվ մանրամասներ հայտնի են, սակայն դեռ բազմաթիվ դրվագներ մնում են չլուսաբանված կամ նույնիսկ անհայտ։

2023 թ. լույս տեսավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախկին մամուլի խոսնակ, պատմական գիտությունների թեկնածու Սամվել Ֆարմանյանի «Միայնակ ընդդեմ ճակատագրի» գիրքը, որն ամբողջությամբ նվիրված էր «ֆուտբոլային դիվանագիտության» պատմությանը։ Որպես դեպքերի ականատես և մասնակից՝ Ս. Ֆարմանյանը բազմաթիվ արժեքավոր մանրամասներ է ներկայացնում հայ-թուրքական բանակցային գործընթացից։

Դրանցից որոշները վերաբերում են Թուրքիայի և Հայաստանի նախագահների՝ համապատասխանաբար դեպի Երևան և Բուրսա ուղևորությունների կազմակերպման գործընթացներին, որոնք լի էին ոչ միայն բուն քաղաքական, այլև արարողակարգային ու խորհրդանշական հակամարտություններով։ Թուրքերը փորձում էին արարողակարգային (պրոտոկալային) հարցում ևս ճնշել հայկական կողմին, դե իսկ մերոնք էլ մեր շահերն էին առաջ մղում՝ հասկանալով այդ հարցերի կարևորությունը։
Ներկայացնեմ այդպիսի մի քանի դրվագ՝ պահպանելով հեղինակային տեքստը (դրվագների վերնագրերը իմն են – Վարուժան Գեղամյան

***
Դրվագ 1. Պատվո պահակախմբերը
«Երևանում ֆուտբոլային, զով եղանակ էր։ Գյուլի այցին ընդառաջ՝ հայկական կողմին առաջարկվել էր օդանավակայանում կազմակերպել դիմավորման հանդիսավոր արարողություն՝ պատվո պահակախմբի մասնակցությամբ։ Մեր արարողակարգի ծառայությունն այն մերժել էր. այցը թեև բացառիկ էր, բայց աշխատանքային, որի պարագայում դիմավորման հանդիսավոր արարողություն չի նախատեսվում։ Իրականում մերժման բուն պատճառն այն էր, որ [Զվարթնոց] օդանավակայանում Թուրքիայի նախագահին պատվո պահակախմբով հանդիսավոր դիմավորումը գրգռիչ ու բացասական ազդեցություն կունենար հանրային կարծիքի վրա՝ նոր-նոր մեկնարկող ու անհայտ վերջաբանով գործընթացի արշալույսին, առավել ևս, որ այդ պարագայում հնչելու էին նաև երկու երկրների պետական օրհներգերը։ Դիմավորման հանդիսավոր արարողության ժամանակ պատվո պահակախմբի ղեկավարը մոտենում է հյուրընկալող երկրի ղեկավարին և զեկուցում, որ պահակախումբը շարված է՝ ի պատիվ նրա այցի՝ ձեռքին բռնած սուրը իջեցնելով ու հպելով այն գետնին։ Դա խորհրդանշում էր հետևյալը. մենք այնպիսի բարեկամներ ենք, որ մեր սուրը խոնարհում ենք ձեր առաջ։ Արարողակարգի այդ մեկնաբանությունը վստահաբար հայտնվելու էր մամուլում ու լրացուցիչ քննադատությունների տեղիք էր տալու։ Հետադարձ հայացքով նետելով դրվագին՝ հասկանում ես, թե ինչպես են ձևավորվում պետական ավանդույթները, որտեղ անկարևոր հանգամանք ու մանրուք չկա։

***
Դրվագ 2. Արարատի հովանու ներքո
Նախագահների հանդիպման սրահը ևս պատահական ընտրության արդյունք չէր։ Արարողակարգի տղաներն ու Վիգեն Սարգսյանը հենց կարմիր սրահն էին ընտրել այն պատճառով, որ այդ սրահի պատին էր կախված Գևորգ Բաշինջաղյանի նշանավոր «Արարատ» կտավը։ Գերզգայուն իրավիճակներում դիվանագետներն ու արարողակարգի մասնագետները կարևոր նշանակություն են վերագրում դետալներին, թեև քաղաքական սառնասրտությունը հուշում է, որ նման դրվագներով ու կտավներով չէ, որ որոշվում է բանակցության ելքը, կամ մեր դեպքում՝ Արարատի պատկանելիությունը։ Ամեն դեպքում խորհրդանշական էր տեսնել, թե ինչպես է Թուրքիայի նախագահը մուտք գործում սրահ, որտեղ իր առաջին հայացքն ընկնելու էր Բաշինջաղյանի կտավին։

***
Դրվագ 3. Նորից պատվո պահակախմբի մերժում
Ինչպես Գյուլի երևանյան այցի դեպքում, Սարգսյանի այցի ժամանակ ևս թուրքական կողմն առաջարկել էր կազմակերպել պատվո պահակախմբով դիմավորման արարողություն, թեև այցն աշխատանքային էր, և պետական արարողակարգի առումով այն բնավ պարտադիր չէր։ Մեր արարողակարգն այս անգամ ևս մերժել էր թուրքական առաջարկը՝ հաշվի առնելով արդեն մեկ այլ հանգամանք։ Պատվո պահակախմբով դիմավորման արարողության ժամանակ հյուրընկալվող երկրի առաջնորդը, որի պատվին պահակախումբը շարվում է, վերջում գլխի խոնարհումով հարգանքի տուրք է մատուցում հյուրընկալող երկրի պետական դրոշին։ Ահա այդ մեկ կադրից հեռու մնալու ու այն քննադատության լրացուցիչ նյութ չդարձնելու համար մեր արարողակարգը հրաժարվել էր թուրքերի առաջարկից։ Արդյունքում, Բուրսայի օդանավակայանում շարված պատվո պահակախումբը մնաց տեղում կանգնած։

***
Դրվագ 4. Հանել Աթաթյուրքին
Ճաշից հետ Սարգսյանի ու Գյուլի ավտոշարասյուներն ուղևորվեցին Քեմալ Աթաթյուրքի անվան Բուրսայի քաղաքային մարզադաշտ։ Օդում մեկ-երկու ուղղաթիռ էր պտտվում։ Դեռ այցի նախապատրաստական փուլում հայաստանյան արարողակարգի ծառայությունը թուրքական կողմին խնդրել էր հատուկ կտորով ծածկել նախագահական օթյակի հենց ներքևում դրված Աթաթյուրքի մեծ ազդերիզը՝ ներքևի հատվածում իր թևավոր խոսքերից մեկով, ինչը թուրքական կողմը բավարարել էր։ Խնդիրն այն էր, որ չփակվելու պարագայում այդ ազդերիզը Սարգսյանի ու Գյուլի հետ մշտապես լինելու էր նույն կադրում, երբ ֆուտբոլային հանդիպման հեռարձակման ռեժիսորները ցուցադրեին նախագահական օթյակը։ Այդ հանգամանքն աննկատ մնաց օրվա աժիոտաժի ու միջազգային աննախադեպ ուշադրության բերումով՝ տարածում չգտնելով թուրքական մամուլում»։