Արդեն առիթներ եղել են գրելու այն մասին, թե ինչ տեղ ու հեղինակություն ունեն Մերձավոր Արևելքի ավանդական հասարակություններում (անապատի ցեղապետերից միջև պետական գործիչներ) հայերը և հատկապես Հայ առաքելական եկեղեցին։ Այդ բացառիկ հեղինակությունն ու ազդեցությունը, որ նաև այսօր կարող է ուղղվել ի օգուտ Հայաստանի ազգային-պետական շահերի, ցավոք, մնացել է թերագնահատված և, որպես արդյունք, գրեթե չօգտագործված։
Կիրակնօրյա այս գրառմանս առիթը սփյուռքահայ գրող Անդրանիկ Ծառուկյանի «Երազային Հալեպ» հուշագրությունն էր, որի մի քանի գլուխներ պարզ կերպով ներկայացնում են վերևում բերածս իրողությունը։
Սակայն օգտագործեմ առիթն ու բերեմ այդ հուշագրությունից հայ-արաբական առնչություններին վերաբերող հատվածներից մի դրվագ, որ աչքի է ընկնում իր ազգագրական գեղեկցությամբ։
Այսպես, հայկական փոքրիկ պատվիրակությունը՝ Հալեպի Զարեհ Սրբազանի (ապագա Կիլիկիո կաթողիկոս) գլխավորությամբ այցելում է Ֆահիր ալ-Ջաբիրիին, ով Ջաբիրիների հռչակավոր գերդաստանի ավագն էր։ Այդ գերդաստանը համարվում էր Սիրիայի ամենաազդեցիկ ընտանիքներից մեկը։ Պատահական չէ, որ Սիրիայի անկախության շրջանի առաջին վարչապետը դարձավ Ֆահիրի կրտսեր եղբայր Սաադալլահ Ալ-Ջաբիրին։ Իմիջիայլոց, Ջաբիրիներն աչքի էին ընկնում իրենց հայասիրությամբ։
Եվ այսպես, Ծառուկյանի վկայությամբմ Ֆահիր Ջաբիրիին այցելության ավարտին, երբ բոլորը ոտքի են կանգնում, Զավեն սրբազանը նկատում է գետին ընկած Ֆահիրի համրիչը.
«…վերցուց, և Ֆախեր պեյին երկարելե առաջ, ափին մեջ քիչ մը շոյեց, հիացական։ Խոշոր հատիկներով և հալած մեղրի գույնով սաթե համրիչ մըն էր։
-Ի՜նչ գեղեցիկ համրիչ ունիք, Ֆախեր պեկ։
Ըսած չըլլա՜ր…
Ֆախեր պեյ փոխանակ իրեն մատուցվող համրիչը առնելու, ընկրկումի ձև մը ըրավ, ուսերը և ձեռքերը ետ-ետ, և գոչեց.
-Ատիկա ձերն է, մուհթարամ (հարգելի) եղբայրս, քանի որ գեղեցիկ գտաք։ Գեղեցիկ բաները մեր բարեկամներուն համար են, որովհետև աշխարհի ամենեն գեղեցիկ բանն է բարեկամությունը»։
Արաբական ցեղային ավանդույթներին անծանոթ Զարեհ սրբազանը ավելի ուշ իմացավ, որ արաբների առաջ նրանց պատկանող որևէ բանի մասին հիացում հայտնել պետք չէ, որովհետև դա պարզապես նշանակում է «ինձ տուր»։